15:16 , 29 նոյեմբեր, 2013
Վերջերս հայտնի հեռուստածրագրերից մեկը, որ զբաղվում է սոցիալական խնդիրների լուսաբանմամբ ու բարեգործական նախագծերի իրականացմամբ, հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ որևէ առնչություն չունի իրենց անունից գործող կեղծ բարեգործությամբ զբաղվող պարբերականների հետ, չի համագործակցում դրանց հետ ու որևէ ֆինանսական հատկացումներ այդ պարբերականներից չի ստանում: Առաջին հայացքից ինֆորմացիան առնչություն չունի վերնագրի հետ: Իսկ եթե փորձենք ավելի խորը նայե՞լ: Ինչպես հասկացաք, խոսքը հեռախոսազանգով գովազդվող պարբերականների մասին է: Ի՞նչ է ստացվում: Համացանցից թխված, անհետաքրքիր ու անբովանդակ իրենց բուկլետները հրամցնելու ու սեփական գրպանն ուռցնելու համար այդ վայ-գործարարները անամոթաբար շահարկում են ծնողազուրկ կամ անապահով ընտանիքներում ապրող, առողջական խնդիրներ ունեցող մանկիկների ծանր վիճակը: Նման արարքի բարոյական գնահատականն արդեն պարզ է: Ասենք միայն, որ փոքրիկներին օգնելու պատրաստ մարդկանց թեկուզ 500-ական դրամը գրպանելով դրանք զրկում են մանկիկներին իրենց հասնող օգնությունից, բացի այդ, իրենց «բիզնեսով» նրանք նվազեցնում են վստահությունը ամեն տեսակ բարեգործական նախաձեռնությունների հանդեպ: Նպատակն արդարացնում է միջոցնե՞րը: Արդեն չենք խորշում մարդկանց դժվար ճակատագիրը գովազդային մեխանիզմ դարձնելուց: Ամեն ինչ կարելի է: Վերջապես վերացված է քաղաքակրթություն ստեղծող տաբուների համակարգն ու գերնպատակ է միայն հաջողության հասնելն ու փող դիզելը: Թեկուզ ուրիշի դժբախտության հաշվին: Ֆինանսական բարեկեցության ձգտելն ամենևին էլ վատ բան չէ, ավելին, դա քո ու մտերիմներիդ հանդեպ պատասխանատվության զգացումի որոշակի ինդիկատոր է: Բայց երբ վերանում են «կարելիներն» ու «չի կարելիները», երբ իշխում են միայն «պետք է»-ն և «ուզում եմ»-ը, երբ բարոյականությունն ու խիղճը իրենց դիրքերն են զիջում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, սկսում ենք գործ ունենալ անպատասխանատվության, անգրագիտության ու պրոֆեսիոնալիզմի իսպառ վերացման հետ: Անվերահսկելիությունն ու ամենաթողությունը բոլոր բնագավառներում շուտով մեզ տխուր փաստերի առաջ կկանգնեցնեն: Նման անբարեխիղճ վերաբերմունք իրենց աշխատանքի հանդեպ դրսևորեցին նաև մի շարք հրատարակիչներ, ովքեր շուկան ողողել են մանուկների համար նախատեսված հանելուկների, նկարազարդման ու այլ անորակ հրատարկություններով: Վերջիններիս մեջ այնքան բովանդակային, ուղղագրական և իմաստային սխալներ կան, որ առանց կարմիր գրիչի դրանք թերթել հնարավոր չէ: Բոլոր ամբիոններից խոսում ենք ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ազգային դիմագիծն ու պետականությունը չկորցնելու մասին, հասարակությունը վերածել ենք եվրոպոպագանդիստների ու ռուսամետների ռազմադաշտի՝ մոռանալով ամենակարևոր ու տարրական բաների մասին: Մենք ինքներս բարձիթողի ենք արել մեր արժեքները, ստեղծել ենք գաղափարազուրկ ու մերկանտիլ, չարչի հասարակություն և կուրծք ծեծելով բողոքում ենք, որ Եվրոպան, Ռուսաստանը կամ որևէ այլ մեկը մեզ հրամցնում է իր գաղափարա-արժեքային աղբը: Միգուցե պետք է պարզապես ԵՄ-ն ու ՄՄ-ն դիտարկենք որպես տնտեսա-քաղաքական կառույցներ, այլ ոչ թե մեթոդիստներ, ովքեր մեզ համար պիտի նոր արժեհամակարգ մշակեն: Կենսաթոշակային նոր համակարգը չներդրած, կուտակումների ֆոնդերի կառավարիչներին չընտրած ընտրում ենք «արժեքային ֆոնդերի կառավարիչների»: Շուտով մենք մեր մտավոր, ինտելեկտուալ ծուլության ու անգործության պատճառով մեծ պրոբլեմների առաջ ենք կանգնելու: Ոչ ոք հենց այնպես մեզ համար նոր արժեհամակարգ ու աշխարհայացքային մոդել չի մշակելու: Դա, ժամանակակից լեզվով ասած, ծառայություն է, որի համար վաղ թե ուշ վճարելու ենք: Սեփական երեխայի դաստիարակությամբ չզբաղվող ծնողի պես, մենք երեխայի վարքի համար մեղադրում ենք դայակին, ուսուցչին, դասախոսին, թաղային հեղինակություններին, բայց ոչ մեզ: Մենք տրվում ենք ամեն տեսակ սադրանքի, թույլ ենք տալիս, որ մեզ օգտագործեն երկրում ագրեսիայի, վատատեսության ու անհանդուրժողականության մթնոլորտը թեժացնելու համար, փրփուրները բերաններիս պաշտպանում ենք մեզ օտար արժեհամակարգերը, իսկ մինչ այդ ոմանք, նման կերպ շեղելով մեր ուշադրությունն ու օգտվելով հարմար առիթից, հանգիստ վերացնում ու փոխարինում են մեր ունեցածն ու դարերով կուտակածը: Եթե չսթափվենք, ապա շատ շուտով մեր դպրոցներում էլ կմտցվի հատուկ դասընթաց, ուր երեխաներին կսովորեցնեն, թե ինչպես պաշտպանվեն ծնողների հնարավոր սեռական ոտնձգություններից, մեր հաղորդավարներն էլ եթերում բառիս բուն իմաստով միմյանց միս կճաշակեն, մեր քաղաքական ու հասարակական գործիչներն էլ կսկեն խորհել «հայրենիք» և «ժողովուրդ» հասկացություններն աղբաման ուղարկելու մասին: Եվրոմիության ղեկավարի այս վերջին աղմկահարույց ելույթում ընդամենը մի դիտողության հետ կարելի է անվերապահորեն համաձայնվել: Այսօր որևէ մեկ պետություն չի կարող մենակ գոյատևել: Այս ակնհայտ փաստը սակայն չի նշանակում, որ քաղաքական ու տնտեսական դաշնակից ընտրելիս պետք է փոխել նաև արժեհամակարգը: Համահարթեցման նման մեսիջներ պարբերաբար ստանում ենք արևմուտքից, սակայն պետք է ազգովին կարողանալ գտնել բալանսն ու ոսկե միջինը: Եվ սա միայն պետության ու իշխանության առաքելությունը չէ, այլ բոլորիս պարտքը: Մենք ինքներս ենք զրոյին հավասարեցրել կրթական, իրավական, մշակութային, տնտեսական բոլոր ցուցանիշները: Մենք և ոչ թե Եվրոպան կամ Ռուսաստանն են մեղավոր, որ ինչ-որ բախտախնդիր եվրոպրոպագանդիստ, «մարդու իրավունքների վայ-ջատագով» իրեն թույլ է տալիս իր հայրենակիցներին «քուչի թուլա» անվանել, եթե նրանք չտրվեն իր սադրանքին ու չմասնակցեն փողոցային անկարգություններին: Սա մեր անփութության և հույսներս ուրիշի վրա դնելու արդյունքն է: Բավական է գոռանք ու մերկապարանոց «պաշտպանենք» մեր արժեքներն ու ավանդույթները, այն դեպքում, երբ գոռացողներից շատերն արդեն վաղուց մոռացել են թե ինչի համար են գոռում ու պայքարում: Պետք չէ ամեն ինչի ու ամեն բանի իրավունքների համար պայքարել: Ամեն ինչ չէ որ ունի գոյության իրավունք ու ամեն ինչ չէ որ կարելի է ու արդարացված է: Հիշեք, որ մենք դրախտում չենք միայն այն պատճառով, որ ժամանակին Ադամն ու Եվան հավատացին օձին, թե իբր ամեն ինչ կարելի է ու բոլոր արգելքները արհեստական են: Տաբուներն են քաղաքակրթություն ստեղծում: