Այս քարքարոտ Հայաստանում քար չդրին վրադ, Չարենց...
12:01 , 29 նոյեմբեր, 2013
«14.03.1934. Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել թե՛ մեր, այսինքն կենդանի մնացողների, թե՛, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անհաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս, փոխանակ խղճալու, արհամարհանք ես զգում, զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ի՞նչ է մահը, եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը: Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անհաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անհաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը, ուրիշ ոչինչ…»
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ