14:18 , 28 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանը Ասոցացման համաձայնագիր կստորագրի ապագայում, բայց գուցե այլ տեսքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով մեր երկրի արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ:
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ գործընթացը չպետք է տապալված համարել, քանի որ, նրա համոզմամբ, ոչինչ կորսված չէ: Ըստ Իսկանդարյանի` ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտված են:
«Հայաստանը, չեմ բացառում, որ ապագայում ստորագրի Ասոցացման համաձայնագիր, բայց այլ ձևաչափով` գուցե առանց ԽՀԱԱԳ պայմանագրի: Հայաստանը չի կորցրել ու ձեռք բերել: Մենք, ԵՄ-ն պատրաստվում էր անել որոշակի նախագիծ, և դա չստացվեց: Մենք պատրաստվում էինք վերցնել երկու, բայց ստացվեց մեկուկես: Հայաստանը փորձում էր վարել, ինչպես միշտ, կոմպլեմենտար քաղաքականություն, պարզապես այս փուլում դա չստացվեց:
Սա նախագիծ էր, որը պետք է սերտացներ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Նույնը՝ Ուկրաինայի պարագայում: Դրանք ծրագրեր էին, որոնք չստացվեցին:
Ես չէի փորձի ենթադրություններ անել: Մենք ապրում ենք լուրջ ինտեգրացիոն փուլ: Ես հիշում եմ, որ Հայաստանը միացել է ՀԱՊԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԱՊՀ-ին. Եվրոպայի հարևանություն, Արևելյան գործընկերություն, Հակաօդային պաշտպանություն, ուստի սա չպետք է աշխարհի վերջը համարել»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը` վստահեցնելով, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում Հայաստանը կստորագրի փաստաթուղթ ԵՄ-ի հետ: Բայց այն փաստաթղթի նախաստորագրումը, որը նախատեսվում էր, բանախոսը քիչ հավանական համարեց:
Անդրադառնալով ՌԴ քաղաքականությանը Հարավային Կովկասում` ասաց, որ ՌԴ քաղաքականությունը չի փոխվելու, ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է երկու բան` հակամարտությունների վերջնական լուծում կամ պատերազմ:
«ՌԴ-ն կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ում և կհանդիսանա ՀՀ անվտանգության երաշխավորը: Պուտինի այցը Հայաստան հաստատում է ՀՀ-ՌԴ ռազմավարական միությունը անվտանգության ոլորտում: Հայաստանը կշարունակի իր ռազմաքաղաքական հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- նշեց նա` հավելելով, որ ՌԴ-ն տարածաշրջանում ստացավ այն, ինչ ցանկանում էր: Իսկ ՀՀ-ի` սեպտեմբերի 3-ի որոշումը, նրա խոսքով, ԱԳ չորս երկրների նկատմամբ ՌԴ քաղաքականության մի մասն էր կազմում:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինան չի փոխվել, մնացվել է աշխարհաքաղաքական նույն դիրքում ՌԴ-ի և Եվրոպայի միջև, մնացել է երկիր, որն ընտրություն չի կատարելու, և այդ մրցակցությունը մնալու է: Իսկ Եվրոպական հրապարակի իրադարձությունները, նրա խոսքով, իշխանության որոշումը չեն փոխելու, քանի որ Ուկրաինայի նման երկրի համար 100 հազար քաղաքացիների հանրահավաքը փոքր թիվ է և չի կարող ստիպել իշխանությոանը որոշում փոխել:
Ինչո՞ւ Եվրոպան այս փուլում ձախողվեց հարցին պատասխանելով՝ բանախոսն ասաց, որ ԱԳ այդ չորս երկրներին էին ցանկանում ասոցացվել ԵՄ-ին, իսկ ԵՄ-ն պատրաստ էր որոշակի ինտեգրացիաների, բայց վճարել դրա համար չէր կարող: Հայաստանի պարագայում, ըստ նրա, ԵՄ-ն անվտանգություն չէր կարող ապահովել, քանի որ Եվրոպան ինքն այսօր անվտանգության սպառող է ՆԱՏՕ-ից:
«ԵՄ-ն այդպես է գործում վաղուց: Երկրները, մտնելով ԵՄ, կորցնում էին, ապա ստանում, մենք այլ գին ունենք այլ բաժակի մեջ: Այս սցենարը ցույց է տալիս, որ կամիկաձե չկա, անպատասխանատու հայտարարություններ էլ անել պետք չէ»,- այսպես ավարտեց խոսքը Ալեքսանդր Իսկանդարյանը: