14:11 , 28 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի տարածքում դեկտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը ամենուրեք նորմայից ավելի է լինելու: Ամենատաքը կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակը: Այս մասին ասուլիսում ասաց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակներում առանձին օրերին կդիտվի ջերմաստիճանի անկում` լեռնային շրջաններում մինչև 18-23 աստիճան ցրտի սահմաններում, նախալեռնային շրջաններում` 17-18 աստիճան ցրտի սահմաններում, Արարատյան դաշտավայրում` մինչև 10-15 աստիճան ցրտի սահմաններում: Տեղումների քանակը կլինի նորմայից շատ, հիմնականում լեռնային շրջաններում կձևավորվի կայուն ձնածածկույթ:
Գ. Սուրենյանի տեղեկացմամբ, հունվարին և փետրվարին սպասվում է տաք ջերմաստիճան. ամսական ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձ է լինելու, տեղումների քանակը կլինի բավականին շատ: Քանի որ ջերմաստիճանը տաք է լինելու, Տավուշի, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտավայրում տեղումները կլինեն անձրևի տեսքով:
«Ունենալու ենք միջին կլիմայական ձմռանից տաք ձմեռ: Հատկապես տաք է լինելու հունվարը և փետրվարը` 2-3 աստիճան նորմայից բարձր»,- ասաց Գ. Սուրենյանը: Ըստ նրա, այս ձմռան առանձնահատկությունն այն է, որ Հայաստանն անընդհատ գտնելու է Միջերկրական ծովից ներթափանցած տաք և խոնավ ցիկլոնների ազդեցության գոտում, որոնք մեր երկիր կբերեն տաքություն և խոնավություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ