Բագրատյան-Այվազյան լեզվակռիվ՝ «քրտինքով» պատգամավոր դառնալու մասին (տեսանյութ)


18:12 , 27 նոյեմբեր, 2013

Բագրատյան-Այվազյան լեզվակռիվ՝ «քրտինքով» պատգամավոր դառնալու մասին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը տրանսպորտային բարեփոխումների մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ մեջբերեց Լոնդոնի փորձը, որտեղ մասնավորեցված է տրանսպորտը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկման մասնակիցներին հորդորեց առավել հասցեական ու կոնկրետ խոսել, նաև մտահոգություն հայտնեց, որ ոչ հստակ ձևակերպումները կարող են շփոթեցնել Արմեն Եղիազարյանին, ինչին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հակադարձեց, որ նա երբեք չի խառնվի, քանի որ շատ պատրաստված մասնագետ է: 

Այվազյանը հիշեցրեց, որ երբ Բագրատյանը վարչապետ էր, պարոն Եղիազարյանն ու Մինասյանին էլ այդտեղ էին, ինքն իբրև հանձնաժողովի նախագահ իրենց մոտ մեկ-մեկ գնում էր, մասնակցում նիստերին: Բագրատյանը ռեպլիկի կարգով նշեց. «Եթե հաջողվում էր ներս մտնել»: 

ՀԱԿ պատգամավորի արձագանքը դուր չեկավ Այվազյանին, ով ի գիտություն ներկաների՝ ասաց, որ իր քրտինքով, իր ունեցած հեղինակությամբ չորս-հինգ անգամ նույն տարածքից ընտրվել է, դիմելով Եղիազարյանին՝ նա հարցրեց. «Պարոն Եղիազարյան, Լոնդոնում մի քանի անգամ եղած կլինես, չէ՞», ինչին դրական պատասխան հետևեց, Բագրատյանն էլ նշեց, որ ինքը լսել է այդ քաղաքի մասին: 

Այվազյանը նշեց. «Հա, գիտեմ, Էդ իմ ժամանակ էր, որ ներս մտնել հնարավոր չէր, հիմա ա որ…», ի պատասխան՝ Բագրատյանն ասաց, որ միշտ էլ անարգել մտել է նիստին: 

«Ես վաստակել եմ էդ իրավունքը՝ ի տարբերություն ձեզ, վիճակախաղով չեմ ստացել»,- ասաց Այվազյանը, ՀԱԿ անդամն էլ նկատեց, որ իրենք էլ վիճակախաղով չեն ստացել: «Մենք հիշում ենք, որ ձեզ օգնեցինք, դարձաք պատգամավոր»,- ասաց Բագրատյանը: 

«Ճիշտ եք ասում, 22 հոգու մեջ առաջին փուլը միանգամից անցա, հաջորդն էլ՝ 12 հոգու մեջ: Տղամարդ ես ման գալիս, դու էլ գնա…»,- նշեց Այվազյանը: 

Նա հավելեց, որ Լոնդոնում լուրջ կարգավորված մեխանիզմ կա, որը չի կարելի համեմատել Երևանի դրության հետ: Հանձնաժողովի նախագահը նաև հիշեց իր՝ քաղաքապետ եղած շրջանը: 

«Ես որ Չարենցապետի քաղաքապետն էի, իմիջիայլոց ասեմ ձեզի, քաղաքի ներսի տրանսպորտը ձրի էր, որովհետև էն մնացած եկամուտները որ մենք վարչական բյուջեի մասից հանել էինք առանձին մաս, դրել էինք դրա համար»,- ասաց նա՝ նշելով, որ ասում է ի գիտություն ոմանց: 

Նա նաև նշեց, որ բնակարանային նպաստի ծրագիրն էլ առաջինն այդ քաղաքն էր կատարում: Քննարկումների ավարտին Բագրատյանը կատակով նշեց. «Հազիվ եկել ենք, բախվել ենք ԱԺ-ում ինտելեկտի հետ»: Այվազյանը փորձեց ճշտել՝ հանձնաժողո՞վը նկատի ունեք: «Չգիտեմ՝ դուք ոնց եք ասում, ես մեր հանձնաժողովը շատ ինտելեկտուալ եմ համարում, որովհետև մենք աշխատում ենք, ձև չենք անում: Միասնական միտքն ա լավը, ոչ թե Այվազյանինը կամ որևէ մեկինը, Այվազյանը չի փորձել առանձնանալ որևէ մեկից»,- ասաց նա: