15:15 , 27 նոյեմբեր, 2013«Սամուրայ» բառն ի սկզբանե նշանակել է «մարդ, ով ծառայում է» և վերաբերել է ազնվական ծագումով մարդկանց, ովքեր կոչված են եղել ծառայելու Կայսերական պալատի անդամներին:
Ժամանակի ընթացքում ազնվականությունը ազգի վերահսկողությունը իրենց ձեռքում կենտրոնացնելու հետ կապված դժվարություններ ունեցավ, և ռազմական ու ադմինիստրատիվ որոշ պարտականություններ դրեց ռեգիոնալ կառավարիչների վրա, որոնց հետ նախկինում թշնամական հարաբերությունների մեջ էր: Հենց որ Կայսերական պալատը թուլացավ, տեղական կառավարիչներն ավելի հզորացան: Ժամանակի ընթացքում նրանցից ոմանք դարձան ֆեոդալ լորդեր, ովքեր կենտրոնական կառավարությունից անկախ ղեկավարում էին հատուկ տարածքներ: 1185 թ.-ին արևելյան նահանգների հրամանատար Մինամոտո-նո Յորիտոմոն հիմնեց ազգի առաջին ռազմական կառավարությունը, և Ճապոնիայում ֆեոդալիզմ հաստատվեց (1185-1867 թթ.): Երկիրը մոտ 700 տարի գտնվում էր զինվորականների տիրապետության տակ: Սկզբնական կայունությունը, որը հաստատվել էր Մինամոտոյի ջանքերով, երկար չտևեց: Այլ ռեժիմները հաջորդում էին մեկը մյուսին, և 1467 թ.-ին ազգային զինվորական կառավարությունը փլուզվեց: Այսպես սկիզբ առավ պատերազմների տխրահռչակ ժամանակաշրջանը` մաքառումների արյունոտ դարը, երբ տեղական կառավարիչները կռվում էին իրենց տարածքները պաշտպանելու համար և ծրագրում էին գրավել հակառակորդների տիրապետության ներքո գտնվող տարածքները:

Այն ժամանակ, երբ Ճապոնիայում վրա էր հասել Պատերազմների ժամանակաշրջանը, «սամուրայ» բառը նոր նշանակություն էր ստացել: Այն օգտագործվում էր որպես կառավարության զինված աշխատակիցներին, խաղաղապահներին և պրոֆեսիոնալ զինվորներին բնութագրող բառ: Մի խոսքով, «սամուրայ» էին կոչվում գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ էին և կարող էին զինված կռիվ տալ: Այս միջնադարյան ճապոնացի մարտիկներից ամենավատերը շատ բանով չէին տարբերվում փողոցային բանդիտներից: Իսկ նրանցից ամենալավերը նվիրված էին իրենց հրամանատարներին և հավատարիմ էին ասպետական վարքագծի չգրված կոդին, որը ներկայումս հայտնի է իբրև Բուսիդո (թարգմանաբար` մարտիկի ուղի): Սամուրայներն ասես Եվրոպայի միջնադարյան ասպետների և Վայրի Արևմուտքի կովբոյների նախատիպը լինեն, որոնք կենտրոնական տեղ են գրավում Ճապոնիայի պատմության մեջ: Սակայն սամուրայի կերպարը կտրուկ փոխվեց, երբ Հիդեյոշին խաղաղություն հաստատեց Ճապոնիայում: Քանի որ քաղաքացիական հասարակությունը խաղաղ պայմաններում էր բնակվում, նրանց դերը իբրև պրոֆեսիոնալ մարտիկներ վերացավ, և նրանք ավելի քիչ էին զբաղվում մարտարվեստներով և ավելի շատ ժամանակ էին հատկացնում իրենց հոգևոր զարգացմանը, դասավանդմանը և արվեստին: 1867 թ.-ին, երբ հասարակական վայրերում թուր կրելն օրենքով արգելվեց, և զինվորականների դասակարգը վերացավ, նրանք վերածվեցին «անթուր սամուրայների», մի բան, որ Հիդեյոշին կանխատեսել էր դեռևս երեք դար առաջ:

Ճապոնիայի զինվորականների դասակարգի վերացումից մի քանի տասնամյակ անց ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը իր խոսքում հիշատակեց նոր հրատարակված մի գրքի մասին, որը կոչվում էր «Բուսիդո. Ճապոնիայի ոգին»: Նա բազում օրինակներ գնեց իր ընկերների ու ընտանիքի համար: Բարակ հատորյակում, որը հետագայում միջազգային մակարդակի բեսթսելեր դարձավ, հեղինակ Նիտոբե Ինազոն մեկնաբանում է սամուրայական վարքի կոդը և բացատրում, թե ինչպիսի վարքագիծ պետք է ասպետները դրսևորեն իրենց անձնական կյանքում և մասնագիտական գործունեության մեջ:
Թեպետ որոշ գիտնականներ քննադատել են Նիտոբեի գիրքը` նշելով, որ նա ուրճացրել է փաստերը և գրել մի մտացածին ասպետական դարաշրջանի մասին, անհերքելի է, որ նրա ստեղծագործությունը հիմնված է դարերից եկող սկզբունքների վրա, որոնք նշմարվել են ոչ բոլոր սամուրայների վարքագծում:
Ժամանակակից ընթերցողի համար Բուսիդոյի ամենաուսանելի դրույթներից են կարեկցանքը, բարյացկամությունը և այլն: Ստորև ներկայացված են Բուսիդոյի կոդում նշված 8 արժանիքները, որոնց իր գրքում անդրադարձել է Նիտոբեն.
I. Ազնվություն կամ արդարություն
Բուսիդոյի օրենքների համաձայն` պետք է ազնիվ վարքագիծ դրսևորել ոչ միայն մարտարվեստներում, այլև անձնական կյանքում: Ազնվությունը Բուսիդոյի ամենակարևոր արժանիքներից է: Մի հայտնի սամուրայ այս կերպ է սահմանել ազնվությունը. «Ազնվությունը մարդու կարողությունն է տրամաբանված, բայցև համարձակ որոշում կայացնել` մեռնել, երբ ճիշտը մեռնելն է և զարկել, երբ ճիշտը զարկելն է»: Մի այլ սամուրայ այսպիսի պատկերավոր համեմատություն է անցկացրել. «Ազնվությունն այն ոսկորն է, որն ամրություն է տալիս: Առանց ոսկորների գլուխը չի կարող մնալ ողնաշարի վրա, ոչ էլ ձեռքերը կարող են շարժվել, ոչ էլ ոտքերը կարող են կանգնել: Ուստի միայն ուսումն ու տաղանդը բավական չեն, որպեսզի մարդ սամուրայ դառնա: Դրա համար ազնվություն է պետք»:
II. Խիզախություն
Միայն այն խիզախությունը պետք է համարվի արժանիք, որը ծնվում է արդարությունից ու ազնվությունից: Կոնֆուցիոսն ասել է. «Եթե գիտակցում ես, թե որն է ճիշտ, սակայն ճիշտ չես վարվում, նշանակում է, որ զուրկ ես խիզախությունից»:
III. Բարյացկամություն կամ գթառատություն
Այն մարդը, ով ունակ էր հրամաններ արձակել և սպանություններ գործել, պետք է օժտված լիներ գթասրտությամբ և բարյացկամությամբ: Բարյացկամություն չի կարող լինել առանց սիրո, վեհանձնության, կարեկցանքի ու խղճի: Ե՛վ Կոնֆուցիուսը, և՛ Մեն-Ցզին հաճախ էին ասում, որ կառավարչի ամենակարևոր հատկանիշը բարյացկամությունն է:
IV. Կրթվածություն
Անուշադիր այցելուները ճապոնացիների սիրալիրությունը երբեմն շփոթում են քծնանքի հետ, սակայն ցանկացած խորաթափանց զբոսաշրջիկ անմիջապես նկատում է, որ ճապոնացիներին հատուկ են սիրալիրությունն ու կրթվածությունը:
V. Ազնվություն և անկեղծություն
Ըստ Նիտոբեի` իսկական սամուրայը խորշում է փողից: Նա գրել է, որ մարդիկ պետք է չտարվեն հարստությամբ, քանզի հարստությունը բթացնում է մարդկանց: Այսպիսով, բարձրաստիճան սամուրայների երեխաները դաստիարակվում էին այն գաղափարախոսությամբ, որ փողի մասին խոսելը վատ ճաշակի մասին է վկայում: Բուսիդոյում խրախուսվում է տնտեսվարությունը ոչ այնքան միջոցները խնայելու, որքան ժուժկալություն ցուցաբերելու համար: Պերճանքը համարվում էր մարդկությանը սպառնացող մեծագույն վտանգ, և զինվորական դասակարգից պահանջվում էր ապրել համեստ ու հասարակ կյանքով:
VI. Պատիվ
Բուսիդոյում միայն մարտարվեստներին վարժ տիրապետելը չի կարևորվում: Նույնքան կարևոր են բնավորության գծերը և ներքին հատկանիշները: Սամուրայներին բնորոշ գծերից են պատվի զգացումը և սեփական արժանապատավության քաջ գիտակցումը: Սամուրային դաստիարակում էին այնպես, որ նա արժևորեր իր մասնագիտական պարտականությունները:
Ինչ-որ աննշան սադրանքից բռնկվելն ու վիրավորվելը ծիծաղելի էր համարվում: Ինչպես հայտնի աֆորիզմում է ասվում` «Իսկական համբերությունը անտանելի բաներին դիմանալու կարողությունն է»:
VII. Հավատարմություն
Ժամանակակից աշխարհում շատ արժեքներ աղճատվել են: Այնուամենայնիվ, իսկական տղամարդիկ հավատարիմ ու նվիրված են նրանց, ում առջև նրանք պարտական են: Ֆեոդալիզմի ժամանակաշրջանի ամենաբնութագրական արժանիքներից մեկը նվիրվածությունն էր վերադասին: Բուսիդոյի կոդում հավատարմությունը նշվում է իբրև սամուրայի ամենաառանցքային հատկանիշներից մեկը:
VIII. Բնավորություն ու ինքնավերահսկողություն
Ըստ Բուսիդոյի` մարդիկ պետք է ապրեն որոշակի բարոյական արժեքներով, որոնք վեր են ամեն ինչից: Այն, ինչ ճիշտ է, ճիշտ է, այն, ինչ սխալ է, սխալ է, և դա քննարկման ենթակա չէ: Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երեխաներին իր իսկ օրինակով սովորեցնել բարոյական չափանիշները: Սամուրայական կրթության առաջին նպատակը մարդու մեջ հստակ բնավորություն ձևավորելն է: Հեռատեսությունն ու խելացիությունը պակաս կարևոր էին համարվում: Մտավոր բարձր կարողությունները գնահատվում էին, սակայն սամուրայն ավելի շատ գործի մարդ էր համարվում: Հազիվ թե որևէ պատմաբան առարկեր, որ Հիդեյոշին ինքն օժտված էր Բուսիդոյի ութ արժանիքներով: Նրա արժանիքները ծածկում էին նրա մեղքերը: Նրա քարոզած գաղափարախոսությունը շատ արդիական է մեր օրերում: