03:50 , 27 նոյեմբեր, 2013
Diplomat.am-ը գրում է.
Օրերս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ նշանակեց ռուս երգիչ Գրիգորի Լեպսի դեմ՝ նրա կողմից քրեական հեղինակություն Վլադիսլավ Լեոնտևին գումարներ փոխանցելու հավանականությամբ, գրում է բրիտանական BBC պարբերականը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով հանրահայտ երգիչների և դերասանների ներգրավվածությանը թմրաբիզնեսում, մեծաքանակ գումարների շրջանառությանը և քրեական հեղինակությունների հետ կապին:
Իտալական արմատներով ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան ծնվել է Նյու Ջերսի նահանգում՝ հանցագործների թաղամասում, և պատահական չէ, որ նրան հաճախակի կարելի էր տեսնել մաֆիայի այս կամ այն պարագլխի հետ զբոսնելիս կամ զվարճանալիս, թեև ինքն անձամբ հերքում էր այդ լուրերը: 
Ըստ պարբերականի՝ Սինատրան սերտ հարաբերությունների մեջ էր «բախտավոր» (Lucky) մականունով Չարլի Լուչիանոյի հետ, որը հայտնի էր որպես «ժամանակակից մաֆիայի հայր»:
1947թ. Սինատրան Չիկագոյի հայտնի
Ալ Կապոնեիավազակախմբի երկու անդամների՝ Ջո և Ռոկկո Ֆիշետների ուղեկցությամբ ԱՄՆ-ից ուղևորվում է Հավանա՝ 2 միլիոն դոլար պարունակությամբ պորտֆելը ձեռքին, որը պետք է փոխանցեր բախտավոր Լուչիանոյին:
Երբ 1981-ին Սինատրան ցուցմունք էր տալիս Նևադա նահանգի հանձնաժողովի առջև իր խաղատների գործունեության լիազորությունները չեղյալ համարելու կապակցությամբ, ոստիկանները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք 1947-ին նա իսկապես 2 միլիոն դոլարով պորտֆելը տեղափոխել է Հավանա, որին Սինատրան պատասխանեց. «Ցույց տվեք ինձ պորտֆել, որի մեջ կարելի է տեղավորել 2 միլիոն դոլար, և ես ինքս ձեզ կտամ 2 միլիոն»:
Սինատրան չէր սահմանափակվում մեկ կամ մի քանի անգամ «կլորիկ գումարներ» տեղափոխելով:
Հայտնի է, որ նա, 50 դոլարանոց թղթադրամներից բաղկացած 3,5 միլիոն դոլար պարունակությամբ ճամպրուկը ձեռքին, հատել է սահմանը, իսկ երբ ոստիկանները փորձել են ստուգել նրա ուղեբեռը, բախվել են երկրպագուների հսկայական ամբոխին, որն օգնել է Սինատրային ազատվել ոստիկաններից: 
Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Կաանի առնչությունը Կոլոմբո կլանի 76-ամյա Էնդրյու Ռուսսոյի հետ հայտնի դարձավ, երբ 2011-ին ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոն ձերբակալեց 127 ավազակի՝ այդ թվում Ռուսսոյին:
Կաանը ցուցմունք էր տվել վերջինիս օգտին՝ նշելով, որ նա ոչ միայն իր լավագույն ընկերն է, այլև որդու կնքահայրը:
Կաանի «մտերիմ ընկերների» թվում էին նաև Կոլոմբո կլանի պարագլուխ Կարմին Պերսիկոն՝ «ամենապստիկ, օձ և անմահ» մականուններով, ինչպես նաև նյույորքյան Բոննանո կլանի առաջնորդ Ռոնալդ Լորենսոն:
Գաղտիք չէ, որ մի շարք դերասանների գործունեությունը ֆինանսավորվում է մաֆիայի կողմից:
Բացառություն չէ նաև հայտնի ամերիկացի դերասան, «ավազակների որսորդ» Սթիվեն Սիգալը, նշում է պարբերականը:
