17:47 , 26 նոյեմբեր, 2013![]()
Մի քանի տարի առաջ գրեցի 19-րդ և 20-րդ դարերում Կոնգոյում մարդու իրավունքների ճգնաժամի մասին: Այնտեղ մոռացա հիշատակել վերևում ներկայացված լուսանկարի հետ կապված մի քանի մանրամասնություն: Լուսանկարում պատկերված է Նսալա Վալա անունով մի տղամարդ, ում առջև դրված է իր աղջկա ոտքն ու ձեռքը: Ալիս Հարրիսը լուսանկարն արել է 1904 թ.-ի մայիսին Բարինգոյում իր միսիոներական առաքելությունը կատարելիս: Նկարում պատկերված տղամարդու կնոջն ու երեխաներին սպանել էին ու դիակները խեղել:
Ձեռք կտրելը տարածված երևույթ էր «Force Publique» (Բելգիական Կոնգոյի ոստիկանական մարմինները) շրջանում: Այս քայլը միտված էր կանխարգելելու գողությունը և ահաբեկել մշակներին, որպեսզի նրանք ավելի շատ կաուչուկ արտադրեին: Խորապես ցնցվելով այս տեղեկություններից` Ալիսն ու իր ամուսինն այս լուսանկարը ուղարկեցին Բրիտանիա՝ հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարով ամեն ինչ ասված է, և ցանկացած դիտող կհամակվի կատաղությամբ»: Շատերը մի կողմ նետեցին լուսանկարը` այն համարելով անոմալիա: Հարրիս ամուսինները ևս մի քանի լուսանկար ուղարկեցին: Դրանցից մեկում պատկերված էին Կոնգոյի երկու անհայտ բնակիչներ, ովքեր իրենց ձեռքերում պահում էին իրենց ընկերներ Բոլենջի և Լինգոմոյի կտրված ձեռքերը: Մյուս նկարում պատկերված էր Էպոնդո անունով մի տղա, ում ձեռքը կտրել էին: Ամուսինները ճանապարհորդեցին նաև Եվրոպայով և Ամերիկայով` Կոնգոյի արյունահեղությունների մասին իրազեկելով այնտեղի բնակիչներին: Նրանք ցույց տվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էին գերի կանայք, որոնց շղթայակապ վիճակում էին պահում:
Դրան հաջորդեց պատմության առաջին մարդու իրավունքների քարոզարշավը, որը հաջողությամբ պսակվեց: Լուսանկարները, այդ թվում Նսալայի լուսանկարը, հրատարակվեցին մի շարք թերթերում ու գրքերում: Նսալայի լուսանկարը հայտնվեց նաև Մարկ Տվենի հայտնի պամֆլետում: Լեոպոլդ թագավորը, ով գաղութի տերն էր, փորձեց վարկաբեկել բողոքական Հարրիսին` նշելով, թե նա ի սկզբանե բացասաբար էր տրամադրված իր կաթոլիկական գաղութատիրության դեմ: Էպոնդոյի մասին գաղութի աշխատողները ասացին, իբրև թե նրա թևը կտրել են այն պատճառով, որ հսկայական վարազ էր կծել նրան: Այնուամենայնիվ, դա միակ լուսանկարը չէր: Այդքան մեծաթիվ լուսանկարներն առանց խոսքերի ամեն ինչ ասում էին, և հասարակությունը խստագույնս դատապարտում էր այն դաժանաբարո վերաբերմունքը, որ տարածված էր Կոնգոյում: Լեոպոլդի դաժան տիրապետությունը երկար չէր կարող շարունակվել, և 1908 թ.-ին գաղութը ազատագրվեց նրա լծից և դարձավ Բելգիական պետություն:
![]()