Ես միշտ էլ ակտիվ եմ եղել, պարզապես իմ անձը ի ցույց չեմ դրել. Անի Զախարյան


17:08 , 26 նոյեմբեր, 2013

Ես միշտ էլ ակտիվ եմ եղել, պարզապես իմ անձը ի ցույց չեմ դրել. Անի Զախարյան (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Ցանկացած մարդ, ով պայքարի է դուրս գալիս, չպետք է անձնավորված պայքար տանի: Այսօր կուտակվել են բավականին լուրջ խնդիրներ, և ես ուրախ եմ, որ կին ազատամարտիկները ակտիվություն են դրսևորում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով մասնակցում էր կին ազատամարտիկների կազմակերպած բողոքի երթին:

«Ես իմ այն օրվա հանրահավաքին իշխանափոխության պահանջ եմ դրել և ուրախ եմ, որ ազատամարտիկներն էլ այսօր այդ նույն պահանջն են բարձրացրել, դրա հրամայականն այսօր կա»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները հակաիրավական տեռոր են անում:

Անի Զախարյանի խոսքով՝ ինքը միշտ ակտիվ է եղել, սակայն իր անձը ի ցույց չի դրել, տարիներ շարունակ մշակույթի նախարարությանը, կառավարությանը և Սերժ Սարգսյանին բազմաթիվ ծրագրեր է առաջարկել, բայց հիմա կարծում է, որ անհրաժեշտ է պահանջել իշխանության հրաժարականը և ձևավորել նոր իշխանություն:

Հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես քանի որ դեռ նոր եմ ճանաչվում ժողովրդի կողմից, վստահություն ձեռք բերելու համար ժամանակ է պետք: Ես իմ ուժերի վրա վստահ եմ, ամենակարևորը՝ սիրում եմ իմ երկիրն ու ժողովրդին, մնացածը ժամանակի հարց է»,-եզրափակեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: