15:38 , 26 նոյեմբեր, 2013
Արտագաղթը դաժան բան է:
Երկիրը թողնում են, մարդիկ, ընտանիքներ, աշխատող ձեռք, միտք ունեցող ու գաղափար ստեղծող մտավորական:
Այսօր մի միջոցառման ժամանակ նրանցից մեկին հանդիպեցի: Մի քանի տարի է՝ Բարսելոնում է աշխատում, ամառները Հայաստան է գալիս՝ կարոտն առնելու:
Բայց արտագաղթի մասին չէ, որ ուզում եմ խոսել, մանավանդ որ այս օրերն դա ամենապոպուլյար թեման է:
Այլ բանի մասին եմ ուզում խոսել:
Ինչո՞ւ հայաստանցու մոտ չեն ձեւավորվում քաղաքացու արժեքներ, ակնածանք օրենքի հանդեպ, բայց նույն այդ հայաստանցին՝ մեկնելով եվրոպական որեւէ երկիր, դառնում է քաղաքացիական արժեքների կրող, ընդարձակվում է աշխարհայացքը:
Դա, իհարկե, լավ է: Վատն այն է, որ մեծ աշխարհ տեսած մարդու համար էս երկիրն ու քաղաքը փոքրանում են՝ լավագույն դեպքում նույնանալով կարոտի, նախնյաց գերեզմանի, հուշի հետ:
Ինչո՞ւ:
Միայն իշխանությանը մեղադրելն արդար, բայց պարզունակ կլինի:
Պատճառներն ավելի խորն են՝ թաքնված պետականաքանդ գաղթական հոգեբանության, երկիրդ՝ Հայաստանը, հերթական «ախպարստան» համարելու մտայնության խորքերում:
Քսան տարում ոչ միայն նորմալ իշխանություն չունեցանք, այլ նաեւ երկիր, որը մերը կհամարենք, նրա քաղաքացի լինելը մեծ պատիվ կհամարվի:
Այստեղի պարապն այլ երկրում օրինապաշտ քաղաքացի է դառնում, այնտեղի օրինապաշտն այստեղ ադապտացվում է մեր մենթալիտետին:
Խոպանչու հոգեբանություն՝ վերեւից ներքեւ: Մարդն էլ իրեն լավ է զգում էս խոպանից դուրս՝ այլ խոպանում, որտեղ գոնե գնահատվում է:
Հայաստանը նման է ցածր կլաս ունեցող հյուրնաոցի, մենք՝ այդ ցածրաճաշակ հյուրանոցի սպասարկումից դժգոհ եւ արժեք մսխող հյուրերի: Հենց «հինգաստղանոց» ենք տեսնում՝ վազում ենք այնտեղ...
... Էդ լուսավոր հյուրանոցում նաեւ արժեքներ կան, բայց այնտեղից չի երևում նախկին հյուրանոցը, որն ավելի շատ գերեզմանի հարեւանությամբ գտնվող խրճիթ է հիշեցնում...