Որովհետեւ չեք կարող թքել օլիգարխի մեջքին…


10:56 , 6 հունիս, 2012

Որովհետեւ չեք կարող թքել օլիգարխի մեջքին…Ինչպես Բաղնիքդ անուշ ֆիլմում, ընկերներով ամեն ամիս գնում ենք “Պալկովնիկի օբյեկտ” կոչվող ուտելու տեղ ու մի քանի ժամ հաց ու խորոված ուտում: Հենց այդպիսի մի երեկոյան, երբ մի քիչ գլուխս տաքացել էր, որոշեցի մատուցողուհուն մի քիչ իր աշխատանքի վերաբերյալ խոսեցնել: Սկզբում ամեն ինչ չէր ասում, հետո սկսեց պատմել…

Պարզվեց, որ մատուցողները այստեղ ոչ միայն աշխատավարձ չեն ստանում, այլեւ իրենք են, այսպես ասած, ՆԱԼՈԳ տալիս տնօրինությանը: Այսինքն` ամեն օր հաճախորդների տված թեյավճարներից ամեն երեկո նրանք 12 հազար դրամ վճարում են տնօրինությանն ու վերջ: Ոչ մի աշխատավարձ, ոչ մի տեղ գրանցված չեն որպես աշխատող եւ անգամ ընկերությունում որպես ծառայություն մատուցող չեն ձեւակերպված:

Մի անգամ Երեւանի կենտրոնում գործող Մեղեդի սրճարանի նախկին աշխատակիցը անկեղծացավ` պատմեց, թե ինչ անմարդկային պայմաններ են գործում հանգիստ սուրճ վայելող հաճախորդի ոտքերի տակ, որտեղ սրճարանի “արտադրական” մասն է: Ներսում միտումնավոր ոչ մի աթոռ չկա դրված, որ աշխատողը երբեք չնստի: Աշխատում են ամենաքիչը 15-16 ժամ: Օրական անվճար մեկ բաժին պյուրե, կամ ֆրի են տալիս եւ գիշերը` ժամը 3-ին, աշխատանքը ավարտելուց հետո, տաքսու գումարը վճարում են աշխատողները իրենց գրպանից: Ստանում են միջինը 6000 դրամ:

Զովունիում գործող հացատներից մեկի, որի անունը չի տպավորվել, ինչ-որ ռաբիս անուն էր, աման լվացողը պատմեց, որ ընդամենը 2 000 դրամ է ստանում, կրկին գրանցված աշխատող չէ եւ 1000 դրամը տալիս են մատուցողները եւ մյուս 1000 դրամը` տնօրինությունը: Հաճախ նաեւ “մոռանում” են տալ:

Էրեբունու գինու եւ կոնյակի գործարանի սնանկ ճանաչվելուց հետո, առաքիչներից մեկը պատմեց, որ գործի ընդունվելիս նախորդ առաքիչի ողջ պարտքը գրել են իր վրա: Ավելին` մեկ շաբաթ հետո պարզվել է, որ աշխատում է մեկ միլիոն դրամ պարտքով: Առաջարկել են կամ պարտքը մարել, կամ շարունակել աշխատել ու պարտքը մարել: Հակառակ դեպքում սպառնացել են արջերի մոտ գցել: Վերջում` դիմել են դատարան ու յուրացման մեղադրանք առաջադրել: 10-ից ավելի առաքիչներից ոչ մեկը գրանցված չի եղել որպես աշխատող, օրապահիկ չի ստացել, որեւէ կերպ չի փոխհատուցվել:

Տնտեսական ապրանքներ վաճառող մի ընկերության առաքիչ, որ իմ ծանոթներից է, արդեն 6 ամիս է` բեռնակիր է աշխատում նույն ընկերությունում, որովհետեւ մոտ 1 միլիոն գումար հաշվարկների մեջ կորցրել է: Ինքը համոզված է, որ իր “գլխին սարքել” են, բայց ոչինչ չի կարող անել: Ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ ինքը չի յուրացրել: Նա նույնպես գրանցված չէ եւ ոչ մի իրավական ձեւակերպմամբ կապ չունի ընկերության հետ:

Ցանկը շատ երկար կարելի է շարունակել, բայց կարծում եմ պատկերը պարզ է: Իմ տպավորությամբ աշխատանքային օրենսգիրքը Հայաստանում ամենաչարչրկվածն է ու գրեթե բոլորի իրավունքն է այստեղ խախտվում:

Հիմա ուզում եմ հարց տալ, բա որտե՞ղ են հասարակական կազմակերպությունները: Արհմիությունների մասին լռում եմ, որովհետեւ վաղուց գիտեմ, որ այն ոչ թե չկա, այլ գոյություն չունի: Ինչո՞ւ հասարակական կազմակերպությունները չեն բարձրացնում այս խնդիրը: Իրականում ո՞ւմ իրավունքն է ավելի շատ խախտվում Հայաստանում. նույնասեռականի՞, թե՞ հասարակ աշխատողի: Թե՞ այս ոլորտում միջազգային կազմակերպությունները գրանտ չեն տալիս: Ինչո՞ւ եք բորբոքում մի անհասկանալի կրակ, որի սոցիալական պահանջը չկա:

Հարց ազգայնականներին: Ինչո՞ւ երթ, կամ հակաերթ, ինչպես կուզեք, չեք կազմակերպում ի պաշտպանություն խախտված իրավունքներով աշխատավորների: Ինչո՞ւ չեք թքում նրանց հանցագործ ղեկավարների մեջքին: Ինչու նրանց չեք հայտարարում ազգի դավաճան: Ընկերներ, ձեր բանավեճը ուղղակի ԽՆԴԱԼՈՒ է:

Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին: 
Ինչ արած: