15:09 , 25 նոյեմբեր, 2013
Ուկրաինական Ռավա-Ռուսկայա քաղաքը, որը գտնվում է ուկրաինա-լեհական սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա, հրաժարվել է ենթարկվել Կիևին և դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով Ուկրաինայից առանձին ասոցացում։
Քաղաքապետ Իրինա Վերեշչուկը մեկնաբանել է, որ ինքը ղեկավարվել է տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայով:
Քաղաքապետի այս որոշումը, բնականաբար, իրավական հետևանքներ չի ունենա, բայց այն քաղաքական մեծ նշանակություն ունի՝ անկախ այս քաղաքի չափերից։
Նախ, Ռավա-Ռուսկայա քաղաքին, անշուշտ, կհետևեն այլ քաղաքներ ևս, իսկ գուցե նաև՝ վարչական ավելի մեծ միավորներ։
Երկրորդ, այս որոշումը հուշում է, որ եվրաասոցացումից հրաժարվելու Ուկրաինայի կառավարության որոշումը «հալած յուղի» տեղ չեն ընդունել ոչ միայն ընդդիմությունն ու հասարակության զգալի մասը, այլ նաև իշխանության շատ ներկայացուցիչներ։
Եվ վերջապես, սա ցույց է տալիս, որ Ուկրաինայում տեղական ինքնակառավարման ինստիտուտը կայացել է ոչ թե խոսքով, այլ գործով։