14:55 , 24 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Բոլոր ժողովուրդների մեջ կան լուրջ, մտածող մարդիկ, եւ մեր հարեւաններն այդ առումով, իհարկե, բացառություն չեն: Արեւմուտքում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին՝ փորձելով վերլուծել, թե ինչու է իր երկիրը 1992-94 թվականների պատերազմում անհաջողության մատնվել, նշում է, մասնավորապես, որ հաղթողները ոչ միայն հայ զինվորներն էին, այլեւ Առնո Բաբաջանյանը, Սարոյանը, Փարաջանովը, Սարյանը, Ազնավուրը: Դա շատ խորը եւ ճիշտ միտք է, եւ որպես պատերազմը լուսաբանած լրագրող՝ ես կարող եմ դա յուրովի հաստատել. տղաները, վերադառնալով դիրքերից, ոչ միայն հայրենասիրական երգեր էին երգում, այլեւ արտասանում էին Չարենց ու Տերյան:
Մեր ժողովուրդը հաղթել է այն պատճառով, որ իր մեջքին կանգնած էր հոգեւոր եւ մտավոր ժառանգություն: Այն հնարավոր չէ կեղծել կամ զրոյից ստեղծել մի քանի տարում՝ դա սերունդների, դարերի ժառանգություն է: Փոշիացնել, մսխել, խորտակել այդ ժառանգությունը իշխանավորների պաթոլոգիկ ագահության եւ մնացածների անվերջանալի բողոքների ու փնթփնթոցների մեջ՝ այո, հնարավոր է: Դրա նշանները մենք տեսնում ենք՝ Աստված մեզ ուժ տա չշարունակելու այդ ճանապարհը:
Եթե ադրբեջանական վերնախավում Վահիդ Գազիի տեսակետը գերիշխող լիներ, մենք լուրջ խնդիր կունենայինք. իրենց իշխանավորները ոչ թե կպարծենային, որ նավթ ունեն վաճառելու եւ փողն ուտելու, այլ կփորձեին ստեղծել (հենց ստեղծել, ոչ թե գողանալ) սեփական ազգային ինքնությունը, որը հնարավոր չէ փոխարինել մեզ նվիրած եւ ադրբեջանցիներին վաճառած ռուսական զինատեսակներով: Սակայն, բարեբախտաբար, մեր հարեւանները դրանից առայժմ հեռու են: Ադրբեջանի միլի մեջլիսում քննարկվում է մի օրինագիծ, համաձայն որի՝ Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք համագործակցելու են Հայաստանի որեւէ կազմակերպության, կառույցի կամ մասնավոր անձի հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Ըստ մտահղացման՝ այս օրենքը գործելու է մինչեւ «հողերի լիակատար ազատագրումը օկուպացիայից»: Պատժվելու են բոլոր նրանք, ովքեր համագործակցում են հայերի հետ մոլորակի ցանկացած վայրում եւ ցանկացած ոլորտում՝ բիզնես, ԶԼՄ, խաղաղարար նախաձեռնություններ եւ այլն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ