Ցղնայի Սուրբ Աստվածածնի վանքի պատմությունը


19:53 , 23 նոյեմբեր, 2013

Գողթն գավառի Ցղնա գյուղում (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանում): Հիշատակվում է XIV դարից (1349-ին վանքում Ավետարան է ընդօրինակվել): Վանքի եկեղեցին կառուցվել է 1683-ին, XII–XIII
Ցղնայի Ս. Աստվածածին վանքի եկեղեցին (1683) հվ-արլ-ից:
դդ. եկեղեցու տեղում, քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, վաճառականներ Անդրեասի, Սիմոնի, Հակոբի, Բաղդասարի և Գուրգենի միջոցներով: Մահանալուց հետո նրանց, բացառության կարգով, թաղել են եկեղեցու բակում: Հվ. և արմ. դռներն ունեն ճոխ հարդարված շքամուտքեր, որոնցից արմ-ի բարավորին քանդակված է զույգ հրեշտակների կողմից թագադրվող Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, իսկ հվ-ին՝ Պողոս և Պետրոս առաքյալները: Մուտքերի ուղղանկյուն բացվածքները պարագծով եզերող լայն գոտիները ծածկված են արևմտաեվրոպական բարոկկոյի ոճի զարդաքանդակներով, ինչն արդյունք է Գողթն գավառի հայ վաճառականների՝ եվրոպական երկրների և, առաջին հերթին, Իտալիայի հետ XVII դ. ունեցած առևտրական սերտ կապերի: Արմ. պատին հայկական քանդակագործական արվեստում իր պատկերագրությամբ եզակի՝ Քրիստոսի մկրտության տեսարանն է. աջ կողմում կանգնած է Հովհաննես Մկրտիչը, իսկ ձախում Հորդանան գետի խորհրդանշանն է: Եկեղեցու հվ. մուտքի առջև եռաստիճան զանգակատունն է, որի առաջին հարկի մույթերին,խորշերի մեջ, խաչելության և կանգնած, ձեռքերը կրծքին խաչած Աստվածածնի խոշոր, ցցուն, համարյա ազատ ծավալով իրականացված քանդակներն են, որոնք կատարման ձևով ու ոճավորումով բացառիկ են ուշ միջնադարի հայկ. արվեստում: Եկեղեցու ներսում եղել են ս. Գրիգոր Ա Լուսավորչին և ս. Սեղբեստրոսին պատկերող որմնանկարներ (չեն պահպանվել): Վանքի պարսպապատ տարածքում գերեզմանոցն է՝ XVI դ. տապանաքարերով:

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1028: