17:34 , 23 նոյեմբեր, 2013

Այս մուկը մահվան հետ էր խաղում` ուտելով քաղցած հովազի կերակուրը: Թվում էր, թե մկնիկը չէր նկատում իր գլխավերևում կանգնած գազանին: Նա հարձակվեց աֆրիկյան հովազին շպրտված մսի կտորների վրա: Սակայն այս փոքրիկ կենդանուն կտոր-կտոր անելու փոխարեն, 12-ամյա Շինա հովազը վախեցավ նրանից և որոշակի տարածություն պահեց: Հովազը վրդովված նայում է, մինչ անպատկառ մուկը ըմբոշխնում է իր կերը: Մի փոքր սպասելուց հետո հովազը փորձեց քթով հրել մկնիկին, սակայն ապարդյուն: Այս նպատակասլաց մուկը շարունակեց ըմբոշխնել միսը, մինչև կշտանալը: Լուսանկարիչ Քեսի Գաթերիջը լուսանկարեց այս արտասովոր տեսարանը «Սանտիագո. Հազվագյուտ հովազներ» նախագծի շրջանակներում:


Հարթֆորդշիրի համալսարանի լուսանկարչական ֆակուլտետում սովորող այս 19-ամյա երիտասարդը, ով հովազին լուսանկարում էր իր կուրսային աշխատանքի համար, ապշած էր մնացել մկան պահվածքից: Նա ասել է. «Ես գաղափար անգամ չունեմ, թե որտեղից հայտնվեց մուկը: Հենց որ համապատասխան աշխատակիցը միս բերեց հովազի համար, մուկն անսպասելիորեն հայտնվեց հովազի վանդակում: Այն բացարձակապես ոչ մի ուշադրություն չդարձրեց հովազի վրա, այլ անմիջապես հարձակվեց մսի վրա: Հովազը շատ էր զարմացել ու վախեցել: Այն կուչ էր գալիս, ապա հետ-հետ գնում, մինչ մուկը հանդգնորեն շարունակում էր ուտել միսը, ասես ոչինչ էլ չէր պատահել: Անգամ, երբ հովազը թեթևակի հրեց նրան, այն անդրդվելի մնաց և շարունակեց ուտել այնքան ժամանակ, մինչև որ կշտացավ»:


Դա զարմանալի էր: Ցնցված էր անգամ հովազի խնամքով զբաղվող աշխատակիցը, ով նրան էր շպրտել միսը: Նա ասաց, որ նախկինում երբեք նման բան չի տեսել: Նախագծի սեփականատեր Ջեքի Ջեյմսն ասաց. «Այնքան զվարճալի էր տեսնել, թե ինչպես Շենան մի քանի անգամ թեթև հրեց մկնիկին, որպեսզի կարողանա մոտենալ իր կերակուրին, սակայն մկնիկը սկզբունքայնորեն շարունակում էր ուտել և բանի տեղ չէր դնում հովազին»:
Շինան Բրիտանիայի կենդանաբանական այգիներից մեկից բերվել էր «Սանտիագոյի հազվագյուտ առյուծները» նախագծին մասնակցելու համար: Այդ ժամանակ Շինան ընդամենը 4 ամսական էր: