Ուղիղ մեկ ամիս է՝ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ սիրված ու տաղանդավոր, երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը: Գրեթե մեկ ամիս առաջ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից հեռացավ թատրոնի 15 տարվա դերասանուհի Իրինա Հարությունյանը:
Նման որոշումը շատերը կապեցին նույն թատրոնի սիրված դերասան և Իրինայի խաղընկեր Երվանդ Ենգիբարյանի անժամանակ մահվան հետ, շատերն էլ՝ թատրոնի ղեկավարության հետ ծագած խնդիրների: Life.ponarama.am-ի հետ զրույցում դերասանուհին անդրադարձավ ներկայիս գործունեությանը, կորցրած խաղընկերոջ մասին հիշողությանը և շրջանառվող ստահոդ լուրերին:
- Իրինա, որքա՞ն ժամանակվա ծանոթներ էիք Երվանդ Ենգիբարյանի հետ:
- Մենք 15 տարվա գործընկերներ ենք եղել:
-Փաստորեն, ձեր թատերական գործունեության հենց սկզբից:
- Այո, երբ եկա թատրոն, այդ օրվանից ճանաչում եմ Երվանդին: Մենք և՛ առաջին դերն ենք միասին խաղացել, և, ցավոք սրտի, վերջին… 15 տարի անընդմեջ բեմում միշտ միասին ենք եղել, շատ մտերիմ գործընկերներ, ընկերներ ենք եղել:
- Ինչպե՞ս կբնութագրեք նրան:
- Շատ լավ մարդ, շատ տաղանդավոր դերասան, հոյակապ անձնավորություն: Բոլոր իր գործընկերները, անկախ նրանից՝ նրան ճանաչել են 1 օր, 10 օր, թե 15 տարի, բոլորը նույն ձև ցավ են ապրում: Մենք մեծատառով մարդ ենք կորցրել, լավ գործընկեր ու ընկեր, հիանալի դերասան… Շատ եմ ցավում…:

- Մեզ հետ իր մասին հիշողություններով կկիսվե՞ք:
- Բեմի վրա հետաքրքիր պահեր շատ են եղել, շատ ներկայացումներում ենք միասին խաղացել… Դժվարանում եմ կենտրոնանալ և կոնկրետ դեպք հիշել, նրա մասին անսպառ կարելի է խոսել…Կասեմ, որ հուսալի զուգընկեր էր բեմում, միշտ կարող էիր նրան հենվել: Նա կարողանում էր բեմում «փրկել» դիմացինին: Եթե, օրինակ, մոռանում էիր խոսքերդ, նա միշտ կարողանում էր տվյալ իրավիճակից ելք գտնել, օգնել: Հուսալի հենարան էր իր բոլոր գործընկերների համար: Երբ բեմի վրա, ներկայացման պահին որևէ սխալմունք էր լինում, վայրկյանների ընթացքում ամեն ինչ շտկում էր: Արտիստներն ասում են. լավ խաղընկերը քո հաջողության 90 տոկոսն է… Ինձ հետ դեպքեր են եղել, երբ ներկայացման ժամանակ ուղղակի մոռացել եմ տեքստը, նա մի փոքրիկ ակնարկով հիշեցրել է խոսքերս: Բայց ամեն ինչ արել է այնպես, որ հանդիսատեսը չի էլ նկատել: Ես նրա հետ աշխատել եմ ոչ միայն որպես դերասանուհի, այլև՝ որպես ռեժիսոր: Խաղացել եմ նրա ներկայացման մեջ:
