Սովորեք վերջապես՝ մարդկանց հետ դիալոգով կառավարել երկիրը


19:27 , 22 նոյեմբեր, 2013

Թոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված դիրքորոշումներն ու գործողություններն ինդիկատոր են դառնում Հայաստանի քաղաքական ու հասարակական ինստիտուտները գնահատելու տեսանկյունից:

Գիտեմ, բարեփոխումների հետ կապված դժվարությունները շատ են.
- Հա, հայտնի է, որ միջնաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարում այդ բարեփոխումները կարող են ծանր հետևանքներ ունենալ,
- հայտնի է նաև, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ոլորտում ծախսերն ավելանում են,
- հայտնի է, որ ֆոնդերի մասնավոր կառավարումը ռիսկերի հետ է կապված, ու այդ ռիսկերից ապահովագրումը նույնպես ծախսատար է,
- հայտնի է, որ Հայաստանի նման տնտեսական դինամիկա ունեցող երկրներում բարեփոխումից հետո թոշակային ապահովման մակարդակը, որպես կանոն, ընկնում է՝ առնվազն ռեֆորմը իրացնելու առաջին մի քանի փուլերում,
- հայտնի է, որ Հայաստանի ֆինանսական շուկան չունի համապատասխան գործիքներ, որ կարողանա բարձր արդյունավետությամբ իրացնել նոր ֆիւնանսական ռեսուրսները, որ գոյանալու են ռեֆորմի արդյունքում,
- արդյունքում ստացվելու է մի իրավիճակ, որ բարեփոխումը խթանելու է կապիտալի արտահոսքը Հայաստանից կամ էլ՝ կարծես թե մասնավոր ֆոնդերի կառավարմանը հանձնված միջոցները կրկին վերադառնալու են պետությանը, քանի որ Հայաստանում հուսալի գործնականում միակ ֆինանսական գործիքը Պետական արժեթղթերն են,
- հայտնի է, որ բարեփոխումն արդյունավետ է եղել և դյությամբ է իրացվել գործնականում միայն ավտորիտար երկրներում ու այն էլ միայն՝ տնտեսական վերելքի փուլում: Մյուս բոլոր երկրները ստիպված են մեծ դժվարություններ հաղթահարել և այլն...

Ես թվարկեցի ռիսկերի ու մինուսների մի մասը միայն, ու այս ամենով հանդերձ թոշակային բարեփոխումն անհրաժեշտություն է, անխուսափելի անհրաժեշտություն... գոնե այն հիմքով, որ արդեն մի քանի տարի հետո երկրի տնտեսությունն անկարող կլինի «սերունդների համերաշխություն» սխեմայով թոշակներ ապահովել... տնտեսությունը պարզապես կփլուզվի այս ծանրությունից: Ու սա միայն մեր խնդիրը չէ՝ նման խնդրի առաջ կանգնել, կանգնում ու կանգնելու են բոլոր էկոնոմիկաները: Ինչ-որ պլյուսներ էլ կան իհարկե, բայց դրանց թվարկումը հիմա անիմաստ եմ դիտում: Կարևորը՝ նոր համակարգին անցումը այլընտրանք չունի՝ չնայած ամեն տեսակ դժվարությունների:

Իսկ հիմա ինդիկատորի մասին: 
Պատասխանատու ցանկացած քաղաքական ուժ պետք է որ գիտակցեր այս ամենը ու խոսեր և գործեր ոչ թե հայտնի՝ «մոնղոլ-թաթարներ... ավազակապետություն...», «մենք թույլ չենք տա սեփական ժողովրդի հերթական թալանը...» պարադիգմաների (  ) շրջանակներում, այլ փորձեր ռիսկերը քննարկել ու օպտիմիզացնել ընթացքը... Մերոնք գնում են առաջին ճանապարհով...
Հետևություն. Մենք չունենք պատասխանատու ընդդիմություն: Հետո, - բա որ հանկարծ իշխանություն դառնաք, ի՞նչ եք անելու...

Քաղաքացիական դիսկուրսներում քննարկվող թեմայով գերակշռող են՝ 
ա. վերը նշածը, 
բ. «պետությունը պարտավոր է...»
Հետևություն. Տղայիկնե՛ր ու աղջիկնե՛ր, երևի չեք նկատում, բայց ակնառու ձևով բոլշևիզմի դիրքերում եք հայտնվել արդեն:

Իշխանությունը իր վրա է վերցնում պատասխանատվությունը, բայց շատ յուրօրինակ ձևով, թե՝ կարողանում ենք. անցկացնում ենք...
Հեռտևություն. բա հետո՞: Սա մի հարց է, որ Հայաստանում ապրող ցանկացած մեկին է վերաբերում չէ՞: Սովորեք վերջապես՝ մարդկանց հետ դիալոգով կառավարել երկիրը: Հայտնի է չէ՞. թե հակառակ պարագայում ինչե՞եր են լինում: 
Հայտնի է իհարկե