15:31 , 22 նոյեմբեր, 2013
Իսագուլյան, Իսագուլյան...: Հին, առաջվա պես նենգ ու առաջվանից էլ ավելի զազրելի Իսագուլյան: Տեսնում ես՝ ինչ բան է ժամանակը: Համաձայնիր, որ շատ անկանխատեսելի է, համենայն դեպս քո նման սահմանափակ կարողություններով, բայց մեծ ամբիցիաներով մարդկանց համար: Երբեք չգիտես՝ այն քեզ վեր կհանի, թե կթաղի կյանքի անդունդներում՝ ճիշտ այնտեղ, որտեղ դու հիմա ես:
Համաձայնիր, որ ժամանակը մեզ փոխում է: Փոխում է անճանաչելիորեն, նույնիսկ եթե այդ փոփոխությունները ողջ էությամբ մերժում ենք: Այն ինքն իր ձեռքերով մեզ այնպիսի հանգամանքներով ու փաստեր է շրջապատում, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, չկարողանանք նույնը մնալ: Այն արթնացնում է մեր մեջ քնած հատկությունները, ծվատում ու սպանում մյուսներին, որոնք ժամանակին կառավարում էին մեր ուղեղը:
Հենց այս փոփոխությունների պատճառով է, որ հիմա սողուն ես դարձել: Չեմ ժխտում, առաջ էլ պակաս սողունը չէիր, բայց գոնե ոչ այսքան մանր չափերի: Առաջ քեզ պահել գիտեիր: Ճղճիմ հատկություններդ թաքցնել դեռ կարողանում էիր: Խոսքերիդ գինը, նույնիսկ եթե չգիտեիր էլ, ապա գոնե հասկանում էիր, որ դրանցից թռնելը լավ բան չէ: Իսկ հիմա՞: Դու գոնե քեզ տեսնո՞ւմ ես հիմա: Տեսնո՞ւմ ես, թե ինչի ես վերածվել: Շատ նյարդային ես դարձել ,չէ՞: Գնալով ավելի վատ ես կողմնորոշվում: Դեպքերն ու զարգացումները կարծես միտումնավոր քեզ շրջանցում են, իսկ դու գնալով ավելի ու ավելի ես նյարդայնանում, որ դրանց հետևից չես հասնելու: Այլևս նախկինի ու կործանողի գիտակցումը քեզ ստիպում է սխալներն անել, ստիպում է գործել անզգույշ: Ամեն հաջորդ օր ավելի ես խճճվում քո մտքերում ու պլաններում:
Մի կողմից ամբիցիաներն ու բարձունքներն են, որոնց բազմած ես քեզ պատկերացնում ամեն գիշեր, իսկ մյուս կողմում սպառվող ֆինանսական պաշարներն ու քո գործերից ամեն Աստծու օր հարցնող բարեկամները: Հասկանում եմ քեզ: Հենց այս ամենի պատճառով է, որ հիմա կամուկացի մեջ ես, չես կողմնորոշվում` մեղա գաս, թե շարունակես հաթաթա անել: Այդ չկողմնորոշվելու պատճառով է, որ հիմա հա՛մ մեխին ես խփում, հա՛մ նալին: Նոր հարցազրույցդ եմ կարդում: Ասա, որ զավեշտալի օրինաչափություն է ստացվում: Որքան ավելի կասկածելի համբավ ունի այս կամ այն քաղաքական գործիչը, այնքան շատ է նա իր խոսքում մեջբերում ու հիմնվում Ավետարանի վրա: Գյումրու Վարդանիկին, որ տեսնեմ, կբարևեմ քո կողմից: Հաստատ մի խելքի ու կարգավիճակի եք հիմա:
Մի քիչ նոր հարցազրույցիդ եմ ուզում անդրադառնալ:
«Անառակ որդու վերադարձը» առակը դու այսօր մեկնաբանում ես բավականին «տարօրինակ»: Առաջին հարցազրույցիդ տողատակերում պարզ երևում էր, որ «անառակ որդի» ասելով, ի նկատի ունես Սերժին, որի ոտքերն այնքան ես լիզել, որ կոշիկի կրունկները մաշվել են, իսկ այսօր արդեն հայտարարում ես, թե ի նկատի ես ունեցել ամեն հայ քրիստոնյայի, այդ թվում նաև քեզ: Մյուս կողմից հետ չես կանգնում քո պահանջից ու մեղմիկ ակնարկում ես, որ Սերժն, այնուամենայնիվ, պետք է սկզբում ձերբազատվի իր ողջ թիմից, իսկ հետո էլ հրաժարական տա՝ որպես համակարգային փոփոխության հանգուցալուծում, բայց մյուս պահին, էլի քո կեղծ բարեպաշտությունն ու իբր հավատարիմ էությունն ես ի ցույց դնում` ասելով, որ վաղն էլ Սերժին էլի դու ես պաշտպանելու այսօր նույն Սերժին քծնողներից:
Դու գոնե ինքդ քո հետ արած հարցազրույցներդ կարդո՞ւմ ես խմբագրին ուղարկելուց առաջ: Հավանական է, իհարկե, որ սրանք 2017 թ.-ին ակնկալվող զարգացումների առաջին նախանշաններ են, որի հետևից ոմանք սկսել են ականջներ նշմարել: Բայց մեղայականդ կարդալով, չեմ բացառում, որ ինքնագլուխ ես այս ավանտյուրայի մեջ մտել՝ նեղվելով պաշտոնի կորստից, ապա քեզ բացատրել են, որ կիքս ես արել, ու հիմա կռուտիտ ես լինում: Ինչո՞ւ ես հիմա փորձում նախագահի մոտ խղճահարություն առաջացնել, հիշեցնել քո մասին: Կարծում եմ` անօգուտ է: Քո գնացքը գնացել է, իսկ դու մնացել ես քրքրված ճամպրուկներդ ձեռքիդ բռնած: Ինչևէ, քեզ հաջողություն եմ մաղթում: Չնայած վստահ եմ, որ այսպիսի մարդակային որակների պարագայում դու դա չես ունենալու: