13:02 , 22 նոյեմբեր, 2013
Այս օրերին տեղեկանում եմ, որ բողոքի ակցիաներ են նախապատրաստվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ։ Չթաքցնեմ՝ որոշ ակցիաների մասնակցության հրավեր ստացել եմ նաև ես։
Բազմիցս առիթ ունեցել եմ գնահատականներ տալու Ռուսաստանի այսօրվա իշխանության քաղաքականությանը՝ այն համարելով կայսերապաշտական։
Համարել և համարում եմ նաև, որ Հայաստանն ապագա չունի Մաքսային միությունում և Եվրասիական տնտեսական միությունում, մեր իշխանության ընթացիկ որոշումը համարելով տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր ցուցանիշով պայմանավորված պարտադրված քայլ։
Այսուհանդերձ, Պուտինի այցի օրերին բողոքի ակցիայի չեմ մասնակցելու և նման ակցիաները չեմ խրախուսում։
Նախ, կարծում եմ, որ հարգալից վերաբերմունք պետք է դրսևորել բարձրաստիճան ցանկացած հյուրի հանդեպ՝ անկախ նրա քաղաքականության հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Նույն պատճառով՝ բացասական եմ վերաբերվել դաշնակցականների բողոքի ցույցին, որն ուղեկցում էր Թուրքիայի նախագահ Գյուլի այցին։
Սակայն ավելի կարևորն այն է, որ ես ինձ համարում եմ անկախ երկրի քաղաքացի, որը պահանջատեր է սեփական իշխանությունից։
Եթե այսօրվա իշխանության համար՝ Պուտինը «պապա» է, ապա ինձ համար՝ ոչ. ըստ այդմ՝ ես նեղսրտած չեմ բողոքի նրա այցի դեմ, կամ էլ «պապայի» ներկայությամբ չեմ կշտամբի նրա «անառակ որդիներին»։
Մեր պրոբլեմների մեջ գլխավոր դեր են խաղում ոչ կենսունակ համակարգը, անարդյունավետ, վատ կառավարումը։
Այս խնդիրները պետք է լուծեն Հայաստանի քաղաքացիները՝ յոլա գնալով առանց Պուտինի, մանավանդ որ այս հարցերում նա լավ խորհրդատու չէ։