Օլիմպիական Սոչին սպասման մեջ է` կհասցնեն, արդյո՞ք, ավարտել բոլոր գործերը


12:28 , 22 նոյեմբեր, 2013

Panorama.am-ը գրում է.

Օլիմպիական Սոչին իսկապես սպասման մեջ է և դա զգացվում է արդեն օդանավակայանում` քաղաքի գլխավոր դարպասները արդեն այն չեն, ինչ մի քանի տարի առաջ, երբ Սոչին դեռ չէր համարվում հերթական ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը, այլ ընդամենը 600-700 հազար բնակչություն ունեցող կուրորտային քաղաք էր: 

Օդանավակայանի շենքն էլ լքելուն պես համոզվում ես, որ ճիշտ հասցեով ես ժամանել` անմիջապես դիմացդ վեր են խոյանում խաղերը խորհրդանշող հինգ օղակները, որոնք համախմբում են հինգ մայրցամաքները, որ մասնակցում են օլիմպիական խաղերին: Ու անգամ այն, որ շուրջ բոլորդ արմավենիներ են, մեկ կիլոմետր հեռավորության վրա խաղաղ Սև ծովն է, իսկ խոր աշնանային արևն էլ ջերմացնում է, շուրջ բոլորը հանգստացնում են` մի մտածեք, ձմեռ կլինի (а не будет устроим!), խաղերն էլ կլինեն անկրկնելի ու աննախադեպ բոլոր առումներով:

Եվ իսկապես. երբ տեսնում ես, որ ամբողջ քաղաքը մի մեծ շինհրապարակ է հիշեցնում, երբ շուրջ բոլորդ օր ու գիշեր ինչ-որ բան կառուցում են, հարդարում են, նորոգում են, ինչը կիլոմետրանոց խցանումներ ու քաղաքացիների համար այլ անհարմարություններ է ստեղծում (տաք ջուր չկա, սառը ջուրը ընդհատումներով է գալիս և այլն), առաջին հարցը` ԻՆՉՊԵ՞Ս կհաջողվի այս ամենը բերել անհրաժեշտ տեսքի և օլիմպիական խաղերի մեկնարկն ազդարարել, երբ այդ մեկնարկին մնացել է ընդամենը 76 օր: Սակայն ամեն կողմից լսվող պատասխաններից հասկանում ես, որ այդ հարցը թերևս միայն քաղաքի հյուրերին է անհանգստացնում, իսկ տեղաբնակները ու հատկապես ձմեռային խաղերի համար պատասխանատուները առանց շտապելու իրենց գործն են անում, քանի որ վստահ են` русский сказал, русский сделал!



Միակ բանը, որ հստակ կարելի է ասել ավարտին է հասցվել, դա զանազան ատրիբուտներն են, որոնք խորհրդանշում են օլիմպիական խաղերը: Հուշանվերներն ու Սոչի 2014թ-ի էմբլեմով հագուստը վաճառվում է ամենուր, ամեն քայլափոխի: Քաղաքի կենտրոնում, Սոչիի նավահանգստի հարևանությամբ անգամ Օլիմպիական խանութ է բացվել որում գներն այնքան բարձր են, որ այդ տարածքում երկար տարիներ կանգնած «Ադամանդե ձեռքը» սիրված կոմեդիայի հերոսներ Նիկուլինի ու Պապանովի արձանների դեմքի արտահայտությունը կարծես նույնպես փոխվել է ու նման է բոլոր այն այցելուների դեմքի արտահայտությանը, որոնք մեծամասամբ դատարկաձեռն լքում են խանութի տարածքը: Իսկ արձաններն այստեղ են, քանի որ ֆիլմը նկարահանվել է Սոչիում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ