11:36 , 22 նոյեմբեր, 2013
Armnewstv.am-ը գրում է.
Ֆլորա Մարտիրոսյանի եղբոր տանը երգչուհու լուսանկարները, թարմ ծաղիկներն ու մոմերն անպակաս են: Իսկ սեղանին Ֆլորա Մարտիրոսյանի սիրելի կոնֆետներն են: Ամերիկայից Հայաստան Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին դրանք բերել է երգչուհու մեծ քույրը:
ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի մահվան առաջին տարելիցին եկել են նաեւ երգչուհու աղջիկն ու տղան: Հրահատ Գեւորգյանը` ամուսինը, վատառողջ է: Կնոջ շիրիմին այցելել չի կարողացել: Բայց նույնիսկ օվկիանոսից այն կողմ չի կարողանում թաքցնել դժգոհությունը. երգչուհու մարմարե արձանը իրենց սրտով չէ: Այն չի արտացոլում երգչուհու կերպարը:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Նա համաձայն չէ, որ քանդակը նման չէ Ֆլորային: Ասել է ու կրկնում է, արձանը գուցե ֆոտոգրաֆիկ չէ, բայց երգչուհուն ինքը հենց այդպես է տեսնում:
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները չեն հաշտվում, իրենք պատվիրել էին ամբողջական արձան, հետո ստիպված համաձայնել են կիսանդրուն, բայց երբ եկան` տեսան, որ կիսանդրին և պատվանդանը տարբեր կտորներից են, չնայած պայմանավորվել էին, որ գոնե մեկ ամբողջական քնադակի տպավարություն պետք է ստեղծվի:
Իր դեմ ուղղված մեղադրանքներին քանդակագործը պատասխանում է այնպես, ինչպես ասել է նաեւ երգչուհու հարազատներին, ամեն ինչ անփոփոխ է:
Երգչուհու մահից հետո հարցականների պակաս չկա: Ամերիկայից եկած հարազատները դատական գործի մասին դեռ չեն ուզում խոսել: Քրեկան գործը քննության փուլում է. երգչուհու մահվան պատճառը բժշկի սխալն է: Վիրահատությունից հետո, երգչուհին այդպես էլ աչքերը չբացեց:
Ֆլորա Մարտիրոսյանի տարելիցը պաշտոնապես կհիշատակվի նոյեմբերի 23-ին, մինչեւ այդ, երգչուհու երեխաները, քույրն ու երկրպագուները Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցը նշել են անաղմուկ: