00:30 , 22 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին օգտվել է անչափահաս պարուհի Ռուբիի վճարովի սեքսուալ ծառայություններից: Միլանի դատարանն այդ փաստի ապացույցներն անհերքելի է համարում: Դրանից բացի, դատարանը պնդում է, որ 2010 թ., երբ Բեռլուսկոնին հանդիպելիս է եղել Ռուբիի հետ, իմացել է, որ նա անչափահաս է:
Դատարանի տվյալները մեջբերելով՝ Интерфакс-ը հաղորդում է, որ Բեռլուսկոնիի Միլանի առանձնատանը սեքս-երեկույթներին մասնակցելու համար յուրաքանչյուր անգամ Ռուբին նախկին վարչապետից երեք հազար դոլար է ստացել: Դրանից բացի, Բեռլուսկոնին նրան մի քանի թանկարժեք զարդեր և գեղեցկության սրահի բացման համար 77 հազար դոլար է նվիրել:
Բեռլուսկոնին ինքը հերքում է իր մեղքը, այդ թվում նաև այն մեղադրանքները, թե օգտագործելով իր ազդեցությունը՝ կոծկել է անչափահասի սեքսուալ ծառայություններից օգտվելու փաստը: Նա հայտարարել է նաև, որ Միլանի դատավորներին կասկածում է իր գործի անարդար քննության մեջ և կարծում է, որ դատական գործընթացը «երկրի քաղաքական արենայից իրեն հեռացնելու» ծրագրի մասն է կազմում:
Ռուբին նույնպես նախկինում հերքել է, որ մարմնավաճառությամբ է զբաղվել և երբևէ ինտիմ կապ է ունեցել Բեռլուսկոնիի հետ: