Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին


18:10 , 21 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից հետո փոխգործակցությունն ակտիվացել է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Յուլը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-դանիական համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու համար:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ: