09:54 , 21 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գլենդելի ոստիկանության լեյտենանտ Տիգրան Թոփաջիկյանի նկատմամբ խտրականության դրսևորման գործի դատավարությունը սկսվել է Ռիվերսայդի շրջանային դատարանում: Մարդը բողոքում է իր նկատմամբ խտրական վերաբերմունքից՝ պատճառաբանելով դա իր հայ լինելով: Նա պնդում է, որ անարդարացիորեն ենթարկվում է ներքին հետաքննության, ճնշումների ու սպառնալիքների:
Նրա խոսքով՝ իր դեմ արդեն շարունակական բնույթ կրող հետաքննությունները ցույց են տալիս, որ «լավ հին տղաները» «լռության ծածկագրի» պարտադրման իրավունք ունեն: Այս մասին փոխանցում է Glendale News-Press-ը:
Թոփաջիկյանը Գլենդելի ոստիկանության 5 ամերիկահայ ծառայողներից է, որոնք հանդես են եկել խտրականության ու ոտնձգությունների մասին հայցով:
Թոփաջիկյանը՝ Վահակ Մարդիկյանի, Ռոբերտ Բարսեղյանի, Ջոն Բալյանի և Բենի Սիմոնզադի հետ Գլենդելի ոստիկանական բաժանմունքի դեմ հայց էր ներկայացրել 2010 թվականին:
2012-ին Մարդիկյանը, Բալյանն ու Թոփաջիկյանն առանձին հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան: Գործը հետաձգվել էր ընթացիկ դաշնային գործի պատճառով:
Ծառայողական դիրքի բարձրացման կրկնվող փորձերի արդյունքում Թոփաջիկյանը հայտնվել էր լեյտենանտի թեկնածուների ցուցակի առաջին տեղում, սակայն նրա փաստաբանը շեշտում է, որ նա լեյտենանտի կոչումը ստացել է անցած չորեքշաբթի՝ դատավարության մեկնարկից առաջ: