Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը` Սարգսյան-Ալիև հանդիպմանը


18:28 , 20 նոյեմբեր, 2013

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքական լրատվամիջոցները հիմնականում լրատվության մակարդակով են լուսաբանել նախօրեին Վիեննայի Քոբուրգ պալատում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` մասնակցությամբ երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի:

Թուրքական մամուլում առայժմ չի հանդիպում նշյալ հանդիպմանը վերաբերող փորձագիտական և վերլուծական անդրադարձներ:

Կան առաջատար պարբերականներ, որոնք Սարգսյան-Ալիև հանդիպումը գնահատում են դրական շեշտադրությամբ: Մասնավորապես «Միլլիյեթ» օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարևոր քայլ` Հայաստանի և Ադրբեջանի կողմից:

Մեկ այլ հեղինակավոր պարբերական էլ` «Սաբահ»-ը, ընդգծում է, որ այս անգամ երկու նախագահների հանդիպումը փաստորեն ավարտվել է ընդհանուր հայտարարի գալու հաշտությամբ: Վիեննայում կայացած հանդիպումը թուրքական օրաթերթը բնորոշում է որպես պատմական հանդիպում: