17:33 , 20 նոյեմբեր, 2013
Հազիվ թե մեզ մոտ որևէ մեկը ուղտին գեղեցիկ անվաներ: Այնինչ, Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների և շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:
Ժյուրին հաղթող ուղտերին ընտրում է ըստ հատուկ չափորոշիչների: Ցանկալի հատկանիշներից են հաստ շուրթերը, էլեգանտ սապատը, գեղեցիկ ականջները, ամուր ոտքերը, երկար պարանոցը և մեծ գլուխը: Սովորաբար էգ ուղտերը ավելի գրավիչ են համարվում, արու ուղտերի տերերը նախընտրում են իրենց էգ ուղտերին տանել մրցույթին մասնակցելու: Ուղտերի տերերը պարտավոր են մրցույթից առաջ երդվել, որ կասեն միայն ճշմարտությունը իրենց ուղտերի տարիքի և ծագման մասին:

Այժմ մենք ուզում ենք խոսել Թուլուների մասին: Այս բրդոտ կենդանիները երկսապատ և միասապատ ուղտերի խառնուրդն են: Այս փափկամազ ուղտերն իրականում շատ ուժեղ են և զբաղվում են ըմբշամարտով: Թուրքիայի Էգեյան ծովի մոտակայքում հունվար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակի օրը նրանց հանում են իրար դեմ: Ուղտերին հագցնում են վառ գույնի հագուստ, որի վրա փայտյա թմբեր կան: Նրանց խելացնոր անուններով են կոչում, օրինակ` Օբամա, Ռեմբո, Սև Ալի:
Կռվից մի օր առաջ ուղտերին փողոց են հանում քայլերթի: Ուղտերը բարձր երաժշտության ներքո խրոխտ քայլում են փողոցներում: Կռվի օրը ուղտերին տանում են մի վայր, ուր հարուստ երկրպագուները խաղադրույքներ են կատարում իրենց նախընտրած ուղտի վրա: Երբ վրա է հասնում կռվելու պահը, մարզիչներն ուղտերին իրար վրա են քսի տալիս և նրանց կռվի հրահրում: Եթե ուղտը ընկնում է հատակին, փախչում է ռինգից կամ ճչում, նա տանուլ է տալիս և մարտն ավարտվում է: Կարելի է հարձակվել աջից կամ ձախից, հարվածներ տեղալ, նստել հակառակորդի գլխին, սակայն կծելն արգելվում է: Մրցավարները հետևում են մարտին, որ, եթե ուղտերը կծեն իրար, արձանագրեն կռվի կանոնների այդ խախտումը: Կռիվները հաճախ ոչ ոքի են ավարտվում, սակայն երբեմն ուղտերից մեկը հաղթանակ է տանում: Հաղթանակած ուղտի տիրոջը իբրև մրցանակ գեղեցիկ կարպետ են շնորհում:
Որքան էլ որ մեծ ուշադրություն գրավի այս իրադարձությունը, այն մարզաձևերը, որոնցում կենդանիների արյուն է թափվում, բավականին դաժան են: Թուրքիայի կառավարությունը այս միջոցառման պատճառով խնդիրների է բախվում, թեպետ կառավարության անդամներին ավելի շատ մտահոգվում են իրենց ազգի իմիջի, քան ուղտերի համար:
8 Ուղտի կաթ

Ուղտի կաթը շատ սննդարար է: Նրա մեջ 10 անգամ ավելի շատ երկաթ կա և երեք անգամ ավելի շատ վիտամին C, քան կովի կաթի մեջ: Աշխարհի տարբեր երկրներում ինչպես հարուստները, այնպես էլ աղքատները, ուղտի կաթը խմում են: Աբու Դաբիում գտնվող Ռից-Կառլտոն ընկերությունը սպառողներին ուղտի կաթով կաթնային շեյքեր է հրամցնում: Դրանք շատ են օգտագործվում մահմեդականների կողմից Ռամադանի ժամանակ, քանզի դրանք շատ սննդարար են:
Ուղտի կաթը հարյուրավոր տարիներ շարունակ օգտագործվել է նաև բժշկության մեջ: Ղազախստանում ուղտի կաթն օգտագործվում է թոքախտի բուժման համար, իսկ Աֆրիկայի բժիշկները ՁԻԱՀ-ի վարակակիրներին ուղտի կաթ են նշանակում` որպես սննդարար ըմպելիք: Ըստ որոշ մասնագետների` ուղտի կաթն օգտակար է նաև շաքարախտի դեպքում:
7 Վայրի սապատավորներ

Արևեյան Ասիայում բնակվող վայրի երկսապատավորները վայրի ուղտերի միակ տեսակն են ողջ աշխարհում: Ավստրալիայում կան բազում միասապատ ուղտեր, սակայն դրանք վայրի չեն համարվում:
Վայրի սապատավոր տեսակի ուղտերը կարող են գոյատևել անգամ ամենածանր պայմաններում: Դրանք բնակվում են Մոնղոլիայում և Չինաստանի Սինցզյան նահանգի արգելոցում: Սա զարմանալի է, քանի որ չինացիները այս նահանգում 1950-ականներին միջուկային զենք էին փորձարկում: Սա ևս հուշում է այս ուղտերի դիմացկունության մասին: Դժբախտաբար, վայրի երկսապատ ուղտերը բնաջնջման եզրին են հայտնվել: 2010 թ.-ին աշխարհում ընդամենը 950 վայրի երկսապատավոր էր մնացել: Հուսանք, որ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, և այս ուղտերն իսպառ չեն վերանա:
6 Կարմիր Ուրվականի առասպելը

Այն բանից հետո, ինչ ամերիկյան բանակը բաց թողեց իր ուղտերին, որոնք օգտագործվում էին ռազմական նպատակներով, ուղտերը սփռվեցին հարավարևմուտքում: Մինչև 1934 թ. ամերիկյան բանակի բոլոր ուղտերն արդեն մահացել էին: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ մարդիկ պատմում են, որ հեռվում դեռևս նշմարում են ուղտերի: Շշուկներ են պտտվում են նաև Կարմիր ուրվականի մասին: Ասում են, որ Կարմիր ուրվականը մահացած ուղտ է, որը հեծնել է գլխատված մարդ: 1883 թ.-ին մի արիզոնացի կնոջ հայտնաբերեցին ծեծված և մահամերձ վիճակում: Այն վայրում, որտեղ այս կինն ընկած էր, սմբակների տարօրինակ հետքեր կային, ինչպես նաև կարմիր արտասովոր մորթի: Այս պատահարից կարճ ժամանակ անց երկու հանքափորներ իրենց վրանում տեսան մի հսկայական կարմիր արարածի: Այս կարմիր արարածը մի քանի անգամ ևս հայտնվեց տարբեր մարդկանց աչքին, և նրանք ի վերջո հասկացան, որ դա ուղտ էր: Այնուամենայնիվ, այս խորհրդավոր հանելուկը այդքան հեշտ չլուծվեց: Կարմիր ուղտին տեսնողներն ասում էին, որ նրա վրա հեծնել էր մի գլխատված մարդ: Որոշ մարդիկ ասում էին, որ նա երիտասարդ զինվոր էր, ում իր զինակիցները կապել էին ուղտի մեջքին, որպեսզի նա հաղթահարեր ուղտերի հանդեպ ունեցած իր վախը: Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչպես էր այդ մարդը գլխատվել:
1893 թ.-ին մի զայրացած ագարակատեր կրակեց կարմիր ուղտին, քանի որ չէր պատրաստվում իր ագարակում հանդուրժել նրա ներկայությունը: Երբ նա սկսեց ուսումնասիրել գետնին տապալված ուղտի դիակը, տեսավ, որ հեծյալն անհետացել էր ուղտի վրայից:
Շարունակելի...