ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին


16:08 , 20 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։ 

ԼՂՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միաժամանակ, անհրաժեշտ են համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով։