Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին. Հունաստանի ԱԳՆ


13:41 , 19 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք Աթենքում ընդունել են որպես Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրեր, անախրոնիզմ են և վիրավորում են միլիոնավոր քրիստոնյաների զգացմունքները՝ հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կանստանտինոս Կուտրասը՝փոխանցում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնատար անձանց կողմից բազմիցս արվող հայտարարություններն անհասկանալի են պետության համար, որը ցանկություն է հայտնում դառնալու ԵՄ լիիրավ անդամ, մինչդեռ կառույցի հիմնարար սկզբունքն է կրոնական ազատությունների հանդեպ հարգանքը: 

«Քրիստոնեական բյուզանդական եկեղեցիները համաշխարհային մշակութային և կրոնական ժառանգության անքակտելի մաս են, և դրանց պետք է վերաբերվել պատշաճ հարգանքով ու պետք է պահպանել դրանք»,- հայտարարել է Կուտրասը:

Տաճարը 360-1453 թվականներին եղել է բյուզանդական ուղղափառության մայր տաճարը: Կոստանդնուպոլսի անկումից հետո օսմանյան թուրքերն այն վերածել են մզկիթի: 1934 թվականից Աթաթուրքի հրամանով մզկիթի փոխարեն այնտեղ բացվել է թանգարան: