11:09 , 18 նոյեմբեր, 2013
Այսօրվա նորաստեղծ հայ զույգերի և ընտանիքների մի զգալի զանգված կործանման եզրին է կանգնած: Աչք նետելով հայ աղջիկների կատարած ընտրությանը` մասնավորապես «երկրորդ կեսի», ակամայից սկսում ես մտածել` ի՞նչ չափորոշիչներով են նրանք կատարել այդ ընտրությունը: Օրինակ, ի՞նչ արժեհամակարգով է ապրում այդ «երկրորդ կեսը», ի՞նչ սկզբունքներ ունի, ունի՞, թե ոչ, այսինքն անսկզբունքային է, արդյո՞ք ունակ է այդ «երկրորդ կեսը» ամուր և երկարաժամկետ, ինչո՞ւ չէ, մինչև խոր ծերություն ձգվող ընտանիք կառուցել և պահել:
Այսօրվա կառուցվող միության, ընտանիքի ընտրված մոդելը դեռ իր վերջնական արդյունքը ցույց չի տվել և բնականաբար ցույց տալ չի կարող, ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է ժամանակ՝ տարիներ, նույնիսկ մեկ սերունդ: Այսօր մենք տեսնում ենք կայացած ընտանիքներ, հանձինս մեր ծնողների կառուցած ընտանիքների, և կարծում, որ ինքնաբուխ մենք էլ ենք ստեղծելու և պահելու նման ամուր, քիչ թե շատ ավանդույթներով գոյատևող ընտանիք, միգուցե նրանցից էլ կատարյալ, քանի որ մենք ավելի «խելացի ենք», ավելի «ինֆորմացված ինտերնետի դարաշրջանում»: Ցավոք, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ մեր դեպքում՝ այսօրվա հասարկության մեջ գտնվելով…
Խնդիրը կայանում է նրանում, որ հայ աղջիկների գերակշիր մասը ընտրում է կյանքի կողակից այնպիսի տղամարդկանց, ովքեր իրենց արժեհամակարգով, սկզբունքներով, տեսակով շատ հեռու են կանգնած մեր «նախնիներից», ովքեր չեն համապատասխանում իրական տղամարդու իդեալին, իսկ այդ իդեալը նույնպես արդեն աղավաղված է այսօրվա աղջիկների մոտ: Ընտրում են տղաների, ում հետ իրականում թվացյալ հեշտ է լինելու, սեփական թերությունները չեն երևալու, համատեղ որոշումներն ակնթարթորեն կայացվելու են կամ իրականության մեջ հաճախ հանդիպող այն երևույթը, երբ նրանք ընտրում են տղային նյութական բարիքների համար, և միայն ու միայն դրա համար: Շատ լավ է, երբ նյութականը կարևորվում է, բոլորս էլ ցանկանում ենք բարեկեցիկ ապրել, դա վիճելի հարց չէ, և համարում եմ նմանատիպ ծայրահեղական վիճաբանությունները դատարկ, սակայն, նյութականը առաջնային չափորոշիչ վերցնելով ընտրություն կատարելու հարցում, նույնիսկ բազմաթիվ այլ արժանիքներ ունեցող աղջնակն է «կուրանում» և դժվարանում ճանաչել այդ տղայի հոգևոր կողմը: Եվ պատրանքը նրանում է, որ նրանք վստահ են՝ իրենց ընտանիքը իդեալական է լինելու կամ դրան մոտ…
Այնինչ, նրանք ընտրել են զարգացած բազմաթիվ երկրների ընտանիքի մոդելը, որտեղ արդեն վերոնշյալ ժամանակն անցել է, սերունդները փոխվել են, և այդ մոդելն իր «պտուղներն» է տվել, այսինքն ունենք փորձ: Եվ ի՞նչ է ցույց տալիս այդ փորձը:
Զույգերն ամուսնանում ու կազմում են ընտանիք, մի որոշ ժամանակ համատեղ ապրելու ընթացքում առաջանում են տարատեսակ խնդիրներ, որոնց լուծում տալ է անհրաժեշտ, իսկ կյանքում այնքան շատ են խնդիրները, որոնցում ակամայից հանդիպում են այնպիսինները, որոնց «բարեհաջող» լուծումը պահանջում է ներդաշնակ զույգ, հոգևոր բազմաթիվ արժեքների առկայություն, կրթություն, հաճախ ուժեղ տղամարդ և այլն: Արդյունքում զույգերն «հասկանում են», որ լավ կլինի որոշ ժամանակ առանձին ապրել, դավաճանել (քանի որ վերոնշյալ խնդիրներն համընդանուր են և մեկ բնագավառին չեն վերաբերում), երեխաների առկայության դեպքում՝ հոգեբանորեն ճնշում են երեխային և այլն: Որպես հետևանք՝ բաժանվում են: Եվ դա բնավ իդեալական, ամուր ընտանիքը չէ…
Շատ սիրելի հայ աղջիկներ, եթե ձեր մեջ կան այնպիսինները, ովքեր ուզում են ունենալ այդպիսի «զարգացած» երկարատև հարաբերություններ, այդպիսի «զարգացած» ընտանիք, բայց անշուշտ, գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կարևորությունը, անվնաս լինելը, ապա այս հոդվածն ուղղված չէ ձեզ և ոչ մի կերպ չի սահմանափակում կամ քննադատում ձեր ընտրությունը, խոսքը այն զանգվածի մասին է, մեկ անգամ ևս հարկ է նշել, ովքեր տենչում են ունենալ մեր պատկերացրած իդեալական ընտանիքը, սակայն ինչ-ինչ պատճառներով գնում են այլ ճանապարհով:
Այսպիսով, սիրելի հայ աղջիկներ, խորհեք այս ամենի մասին ամենայն լրջությամբ, ընտրություն կատարելիս առաջնորդվեք ավելի բարձր չափորոշիչներով և դրանով կօգնեք ոչ միայն ձեզ, ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ հասարակությանն ու սերունդներին: Շնորհակալություն: