Հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ՝ Երևանում


21:26 , 15 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: 

Հայկական կողմը խորհրդակցություններում գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ ուրուգվայական կողմը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: 

Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գործարար համաժողովների և մշակութային օրերի անցկացումը: 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարևորությունը: 

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Խորհրդակցությունների շրջանակում ՀՀ և Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակել են Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը: