Թուրքիան «մեծ խաղ» է ծրագրում


13:08 , 15 նոյեմբեր, 2013

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ «պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը, սակայն նոր ժամանակաշրջան սկսելու համար չենք կարող հաշվի չառնել նաև Ադրբեջանի արդար պահանջները»:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան «մեծ խաղ» է ծրագրում, որի միջոցով հույս ունի չեզոքացնել այն մեծ ճնշումը, որը սպասվում է հատկապես 2015 թվականին: Դրան հասնելու համար Թուրքիան բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում, ինչն, ի դեպ, չի էլ թաքցնում:

Եվ այն, որ Թուրքիան հատկապես վերջին շրջանում անընդհատ փորձում է ցույց տալ, թե անկախ ամեն ինչից, ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում, ամեն դեպքում, ակնհայտ է, որ նրա հայտարարություններն ու «կիսաքայլերը» 2015 թվականին ընդառաջ իրականացվող պլանների շրջանակներում են:
Ինչ վերաբերում է «անվստահության» խնդրին, ապա դա իսկապես կարևոր խոստովանություն էր, քանի հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման ու սկսած, սակայն չավարտված բանակցությունների շարունակության առանցքային խոչընդոտներից մեկը վստահության բացակայության խնդիրն է: Ընդ որում՝ այս հարցում, վստահության դիֆիցիտը նկատելի է ինչպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այնպես էլ՝ Թուրքիայի ու այն երկրների միջև, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված էին 2009 թվականին մեկնարկած հայ-թուրքական գործընթացում:

Թուրքիան այդ վստահության կորուստը վերականգնելու ու գործընթացն ակտիվացնելու համար նախ և առաջ պետք է կարողանա ապացուցել, որ «անկեղծությունը» պայմանավորված չէ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվելիք քայլերով, իսկ Ադրբեջանն ամեն դեպքում տարանջատված է գործընթացից կամ գոնե նրա ազդեցությունը Թուրքիայի վրա նվազագույնին է հասցված: Իսկ ընթացիկ զարգացումների ու սպասվող իրադարձությունների ֆոնին դա բավականին դժվար է լինելու:
Այդուհանդերձ, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու վերականգնել վստահությունը, ապա նա որպես առաջին քայլ կարող է բացել հայ-թուրքական սահմանը ու վերջ դնել ԼՂ հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն աջակցելուն ուղղված քայլերը: