Հայաստանի ՏՏ ոլորտը վտանգի տակ է


02:16 , 15 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն այն ոլորտներից մեկն է, որի հետ կապվում է երկրի տնտեսական ապագան, թեեւ կառավարությունն ինքը քիչ բան է արել այս ոլորտի զարգացման համար, եթե չհաշվենք հայտարարություններն այս թեմայով:

Եթե հավատանք ԶԼՄ հաղորդագրություններին, ՏՏ ոլորտում արտադրության ծավալը կազմել է մոտ 250 միլիոն դոլար, տարեկան 25 տոկոս աճով, իսկ 2018 թ. դրությամբ սպասվում է արտադրանքի մինչեւ 1 մլրդ դոլարի ծավալ:

Ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, նախեւառաջ մասնագետների անհրաժեշտ քանակի պակաս, եւ միաժամանակ առկա է «ուղեղների արտահոսք»: Այնուամենայնիվ, այն զարգանում է: Այս ոլորտում դժվար թե անցկացված լինեն սոցիոլոգիական խոր հետազոտություններ, այդ թվում անձնակազմի քաղաքական նախապատվությունների մասով, սակայն ներկայում շատ բան է պարզվել:

Ոլորտում այս կամ այն չափով ձեւավորվում է առաջադեմ սոցիում, որն առանձնանում է սոցիալական որոշակի մենթալությամբ, հասարակական ու անհատական առաջնահերթություններով եւ քաղաքականության ու հանրային հնարավոր բոլոր գործընթացների հանդեպ բավական հետաքրքիր հայացքներով:

Թվում է, տվյալ ձեռնարկությունների անձնակազմը պետք է բնութագրվեր որոշակի կոսմոպոլիտությամբ եւ ինչպես ասում են՝ «առաջնահերթությունների բարձր շարժունակությամբ»: Սակայն նման բան չի նկատվում: Այդ մարդիկ բավական հայրենասեր են եւ վստահ իրենց համոզմունքների մեջ, ընդունակ ոչ միայն քննաբար գնահատել քաղաքական գործընթացները, այլեւ դիտարկել սեփական պատասխանատվությունը, եւ առանձնանում են քաղաքացիական պարտքի զգացմամբ:

Ոլորտը շատ բանով կապված է արեւմտյան գործընկերների ու շուկաների հետ, եւ եթե նույնիսկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ապա՝ արեւմտյան շուկայի սուբյեկտների հետ: Ինչպես պարզվում է, ոլորտի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը գերադասում են Արեւմտյան հանրության հետ Հայաստանի ինտեգրման կուրսը, թեեւ նրանք չեն մերժում տարբեր «բեւեռների» հետ Հայաստանի որեւէ հարաբերությունները:

Այսպիսով, Հայաստանում ՏՏ եւ բարձրտեխնոլոգիական այլ ոլորտների զարգացումը կբերի քաղաքական որոշակի նախապատվությունների ու մենթալության կրող սոցիալական խմբերի ձեւավորմանը:

Պետք է նշել, որ տվյալ ոլորտները սերտ կապված են պաշտպանության եւ անվտանգության խնդիրների լուծման հետ, ինչն էլ որոշում է տվյալ սոցիումների բնութագիրը: Սակայն Ռուսաստանը Հայաստանի եւ մերձավոր այլ հարեւանների գաղութացման խնդիր է դրել: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարելի է վստահ լինել, որ Ռուսաստանը գործելու է առանձնահատուկ կոշտությամբ:

Այդ նպատակները բնութագրելով որպես գաղութացում, անհնար է այս հասկացությունը դնել չակերտներում, դա ռուսական քաղաքականության բառացի բնութագիրն է: Այդ պատճառով, սպասելի է, որ Ռուսաստանը կծավալի տվյալ բարձրտեխնոլոգիական ոլորտները ոչնչացնելու քաղաքականություն: Այդ նպատակով կարող են մշակվել որոշակի հնարքներ, ներառյալ մաքսային պայմանները, ինչպես նաեւ տվյալ ձեռնարկությունները գնելը եւ չեզոքացնելը:

Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես տարածք, որտեղ պետք է լինեն տիպիկ գաղութային ոլորտներ՝ հանքարդյունահանում, խմիչքների, ինչպես նաեւ հուշանվերների արտադրություն: Դժվար թե հայկական կառավարությունն ընդունակ լինի ինչ որ բան հակադրել դրան: Այդ պատճառով, հայ հանրությունը պետք է պատրաստ լինի դիմադրության եւ այդ ոլորտների պաշտպանությանը: Դա խիստ ակտուալ եւ կոնկրետ խնդիր է, որը պահանջում է ոչ միայն քաղաքացիական հանրության, այլեւ մասնագետների ջանքերի համախմբում: