«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու 2014-ի բյուջեի նախագծին


19:56 , 14 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվում է 2014 թ. պետական բյուջեի նախագիծը: 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով քառօրյայի վերջին նիստում չօգտագործված իր ելույթի իրավունքը, նշեց, որ խմբակցության անունից ելույթ չի լինելու: «Ձեր հեռանալու օրերը եկել են: Այս կառավարությունը պետք է հեռանա ՀՀ իշխանությունից, հետևանաբար, որքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին: Մաքսային միության հետևանքով մաքսային դրույքաչափերի բարձրացումը ձեր փաստաթղթերի մեջ չի ամրագրված: Մենք կորցնելու ենք եկամուտներ, դրանք տվյալ բյուջեում հաշվարկված չեն: Մաքսային միությանն անդամակցումը մի տնտեսական միավորի միանալ է, որում Բելառուսն է, Ռուսաստանը: Անդամակցում եք մի միության, որտեղ կոռուպցիան համատարած է»,- ասաց նա:

Փոստանջյանը նշեց, որ այդպես շարունակելու ու չհեռանալու դեպքում ստիպված են լինելու սեփական ուժերով հեռացնել նրանց: «Ժառանգության» պատգամավորը համոզված է՝ «Դեռ ինչե՜ր են մեզ սպասվում Լուկաշենկոյի հետ համագործակցության հետևանքով, առջևում են շատ հետաքրքիր օրեր՝ այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելու շնորհիվ»: Փոստանջյանի համոզմամբ՝ այս բյուջեն շարունակում է մնալ աղքատների բյուջե: «Ժառանգություն» խմբակցությունն այս բյուջեին դեմ է քվեարկելու: