16:15 , 14 նոյեմբեր, 2013Ես Հյուսիսային Կորեայում միայն հինգ օր անցկացրի, սակայն դա միանգամայն բավական էր հասկանալու համար, որ Հյուսիսային Կորեան չափազանց տարօրինակ վայր է: Այն ասես Ստալինի ժամանակաշրջանի Խորհրդային Միության և Չինական կայսրության խառնուրդը լինի: Հյուսիսային Կորեայում ամենածայրահեղ բռնապետություն է, որտեղ անհատապաշտությունն այնպիսի չափերի է հասնում, որ անգամ Ստալինն ու Մաոն չէին կարող պատկերացնել: Ամբողջովին մեկուսացած լինելով արտաքին աշխարհից՝ այն խավարչտին ճգնավորական թագավորություն է հիշեցնում:
Հարց է ծագում. ինչու ինձ թույլ տվեցին մուտք գործել այդ երկիր՝ իմանալով, որ ես ամերիկացի զբոսաշրջիկ եմ:
Այսպիսով, ինձ թույլ տվեցին մուտք գործել Հյուսիսային Կորեա մի քանի այլ ամերիկացիների հետ, սակայն ողջ ժամանակ մեզ ուղեկցում էին կորեացի երեք զբոսավարներ: Մենք այցելեցինք Փխենյան և մի քանի այլ շրջաններ:
Ես իմացա, որ Հյուսիսային Կորեայում ինտերնետը հասանելի է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ պաշտոնյաներից մեկի աշխատանքն ինտերնետում Հյուսիսային Կորեայի մասին գրված նյութեր փնտրելն է: Նա պետք է հետևի, թե արտասահմանյան մամուլն ինչ է գրում իր երկրի մասին: Դե թող կարդա ու տեսնի, թե ինչ կարծիք են կազմում այնտեղ այցելած զբոսաշրջիկները: Այս հոդվածում ես առանձնացրել եմ 20 ամենակարևոր բաները, որ իմացել եմ Հյուսիսային Կորեա կատարած այցելության ժամանակ:
1) Առաջնորդներին աստվածացվում են Հյուսիսային Կորեայում:
1) Կիմ Իր Սեն (1912 – 1994)

Այս մարդը նրանց Ջորջ Վաշինգտոնն է, Ստալինը, Սանտա Կլաուսը: Մի խոսքով, կորեացիներն աստվածացնում են այս մահացած գիրուկին: Նրան անվանում են «Հավերժական նախագահ» և վերագրում են այնպիսի նվաճումներ, որոնք իրականում կապ չունեն նրա հետ:
Երկրում Կիմ Իր Սենի 34.000 արձան կա: Ինչ ասես, որ չեն անվանակոչել նրա պատվին: Քիչ է մնում արդեն Հյուսիսային Կորեան անվանեն Կիմիրսենստան: Բոլոր հասուն մարդիկ պարտավոր են վերնաշապիկին ամրացնել կրծքազարդ, որի վրա պատկերված է Կիմ Իր Սենի դեմքը: Այնտեղի բոլոր աշակերտներին հանձնարարվում է անգիր սովորել նրա ելույթների տեքստերը և կարդալ նրա նվաճումների մասին, իսկ նրա ծննդյան օրը ամենակարևոր ազգային տոնն է: Նրանք անգամ տարեթիվն են փոխել: Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2013, այլ Չուչխե 101 թվականն է (Կիմ Իր Սենի ծննդից 101 տարի է անցել):
2) Կիմ Ջոնգ Իլ (1941 – 2011)

Կիմ Ջոնգ Իլը Կիմ Իր Սենի որդին է: Նրա անունը վերջին տասնամյակում հայտնի դարձավ ողջ աշխարհին: Հյուսիսային Կորեայում տարածված է այն համոզմունքը, որ նա ծնվել է Կորեայի սրբազան լեռան գագաթին (իրականում նա ծնվել է Խորհրդային Միությունում): Նա նույնպես շատ կարևոր կերպար է տեղի ժողովրդի համար, թեպետ իր հորը չի հասնի: Որոշ արտասահմանցիներ կասկածում են` արդյոք մարդիկ իրոք այդքան տարված են Կիմ ՋոնգԻլով, թե վախից են այդքան փառաբանում նրան:
3) Կիմ Ջոնգ Ուն (1983 կամ 1984)
Կիմ Ջոնգ Իլը հանկարծամահ եղավ 2001 թ.-ին: Պրոպագանդիստական մեքենան փայլուն կերպով փառաբանում է ավագ և կրտսեր Կիմերի նվաճումները: Ինչ վերաբերում է Կիմ Ջոնգ Ունին, ոչ ոք չգիտե, թե ինչ նվաճումներ է նա արձանագրել: Բանն այն է, որ բնակչությունն այնքան էլ տեղյակ չէ Կիմ Ջոնգ Ունի կյանքի մասին: Միայն վերջերս է պարզ դարձել, որ նա երկու ավագ եղբայր ունի, ովքեր կարող էին նրանից առաջ գահին տիրանալ: Սակայն եղբայրներից մեկը չափազանց կանացի պահվածք ունի (ասում են, որ նա նույնասեռական է), իսկ մյուս եղբայրն անօրինական կերպով մուտք էր գործել Դիսնեյլենդ, ինչի համար նրան ձերբակալել էին: Այսպիսով, նրանք երկուսն էլ բաց էին թողել իշխանություն ստանձնելու հնարավորությունը: Այդ երկրում անցկացրած ժամանակահատվածում ես այնպիսի տպավորություն ստացա, որ Կիմ Ջոնգ Ունին այնքան չէին երկրպագում, որքան նախորդ առաջնորդներին: Այնուամենայնիվ, մեզ պարտադրում էին նրա մասին խոսելիս օգտագործել «Մարշալ Կիմ Ջոնգ Ուն» արտահայտությունը:
Երկրի ամեն անկյունում մարդիկ տեսնում են այս նկարները:

Ես այնքան հաճախ էի տեսնում այս մարդկանց դիմանկարները, որ աստիճանաբար դա սովորական դարձավ ինձ համար: Նրանց դիմանկարները կողք կողքի փակցված են յուրաքանչյուր հասարակական վայրում: Մարդկանց ստիպում են, որ իրենց տներում ևս փակցնեն այս նկարները: Կառավարության կարգադրությամբ անցկացվում են ստուգումներ` պարզելու համար, թե արդյոք բնակիչները փակցրել են իրենց տներում նրանց լուսանկարները: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է հատուկ սրբիչ, որը ամեն առավոտ կարելի է բացառապես օգտագործել առաջնորդների դիմանկարները փայլեցնելու նպատակով:
Առաջնորդների վերաբերյալ մի շարք կանոններ կան, որոնք տարածվում են նաև այցելուների վրա: Երբ մոտենում ես այս առաջնորդների արձաններից որևէ մեկին, պետք է խոնարհվես: Ձեռքերդ պետք է պահես կողքերում և ոչ թե հետևում: Եթե ցանկանում ես լուսանկարել այս արձաններից մեկը, պարտավոր ես լուսանկարել արձանն ամբողջությամբ: Թույլ չի տրվում լուսանկարել արձանի միայն մի մասը: Եթե մոտդ կա ամսագիր կամ թերթ, որի վրա պատկերված է Հյուսիսային Կորեայի առաջնորդներից մեկի նկարը, իրավունք չունես ծալել թուղթը կամ դեն նետել այն:
Այս ամենից հետո հազիվ թե որևէ մեկին զարմացնի այն փաստը, որ Հյուսիսային Կորեան վերջին տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ինդեքսում:
2) Հյուսիսային Կորեայում տիրում է համատարած ստի մթնոլորտ
Կառավարությունը ստում է արտաքին աշխարհին ու իր սեփական ժողովրդին: Մամուլը ևս ստահոդ լուրեր է տարածում ժողովրդի շրջանում: Այնտեղի բնակիչները ստում են իրար, իսկ զբոսավարներն էլ ստում են զբոսաշրջիկներին: Մի խոսքով՝ համատարած ստի մթնոլորտ է: Կան և՛ մեծ, և՛ աննշան ստեր:
Փաստերը հաճախ են խեղաթյուրվում ու անտեսվում: Սա կարող է շփոթմունքի մատնել այցելուներին, ովքեր սովոր չեն ապրել ստի մեջ: Նայելով զրուցակցիս աչքերին՝ ես հաճախ կարդում էի նրա մտքերը. «Մենք երկուսս էլ գիտենք, որ սա սուտ է, սակայն ես Հյուսային Կորեայում եմ ապրում, ուստի պետք է շարժվեմ այստեղի կաննոներով»: Երբեմն նրանք այնքան տարված էին ստելով, որ ասես իրենք էլ էին սկսում հավատալ իրենց հորինած ստերին:
Ես պահի տակ գլուխս կորցնում էի ու սկսում մտածել. «Իմ շուրջ կատարվող որևէ բան իրակա՞ն է: Ես ինքս իրական եմ, թե սոսկ համատարած հորինվածքների մի մասնիկն եմ»:
3) Երկրի այցելուների մեծ մասին, երբ նրանք Փխենյանում են լինում ստիպում են մնալ միևնույն հյուրանոցում:
Գիտե՞ք, թե ինչու են բոլոր այցելուներին այս հյուրանոց ուղեկցում: Սոսկ այն պատճառով, որ այն տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող կղզու վրա:
Կառավարությունը սարսափում է այն մտքից, որ այցելուները կարող են պահի տակ ծլկել ու լուսանկարել մի այնպիսի բան, որ նրանք չպետք է տեսնեին: Այս կղզու դիրքը և հյուրանոցի շուրջ խմբված պահապանները խոչընդոտում են, որ զբոսաշրջիկները «ավել-պակաս» բաներ տեսնեն:
Ցերեկը մեր զբոսավարները մի րոպե անգամ չէին հեռանում մեզնից: Իսկ գիշերը մենք այսպես թե այնպես ոչինչ չէինք կարող տեսնել, քանզի մեզ կարգադրել էին ոչ մի դեպքում գիշերով դուրս չգալ հյուրանոցից:
Անգամ, երբ Փխենյանի զգալի մասը զրկված է էլեկտրաէներգիայից, ջեռուցումից կամ օդափոխության համակարգերից, Յանգակդո հյուրանոցում միշտ հարմարավետ ու պայծառ մթնոլորտ է տիրում: Սա արվում է միայն այն բանի համար, որ այցելուների շրջանում ստեղծվի տպավորություն, թե Հյուսիսային Կորեան բարեկեցիկ երկիր է:
4) Քարոզչությունն ամենուր է
Հայտարարությունների տախտակների, որմնանկարների, բացիկների, պամֆլետների, ամսագրերի ու հեռուստատեսության միջոցով Հյուսիսային Կորեայի իշխանությունները հատուկ քարոզչություն են տարածում: Այնտեղ անգամ քարոզչական երաժշտական խումբ կա (Մորանբոնգը), որի անդամներն ընտրվել են անձամբ Կիմ Ջոնգ Ունի կողմից: Նրանց համերգի տեսագրությունը հեռարձակում էին դեպի այդ երկիր թռչելու և այնտեղից վերադառնալու ողջ ընթացքում, ինչպես նաև մեր այցելած գրեթե բոլոր ռեստորաններում: Դա ասես իսկական մղձավանջ լիներ ինձ համար:
Կար քարոզչության 4 հիմնական ուղղություն՝ 1) քարոզվում էին առաջնորդները և նրանց հզորությունը, 2) Հյուսիսային Կորեայի բանակը և նրա անկոտրում ուժը 3) ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ հակաքարոզչություն էր տարվում՝ ներկայացնելով նրանց բացասական լույսի ներքո 4) Հյուսիսային Կորեայի ժողովրդին ներկայացնում էին իբրև երջանիկ ու անհոգ կյանքով ապրող մարդիկ:
5) Զբոսավարներն ամերիկացիներին բնութագրում են իբրև ամերիկացի իմպերիալիստներ, անգամ երբ իրենց կողքին կանգնածը հենց ամերիկացի է:
Հյուսիսային Կորեայում հակաամերիկյան պրոպագանդան նույնքան ուժեղ է, որքան կորեացի առաջնորդների պրոպագանդան: Հյուսիսային Կորեայի բնակչության շրջանում քարոզվում է հետևյալ գաղափարախոսությունը. «Ամերիկացի իմպերիալիստներն են սկսել կորեական պատերազմը, որում նրանք տանուլ են տվել: Այդ ժամանակից ի վեր, նրանք ջանում են սպանել ու բռնաբարել մեզ բոլորիս և զավթել մեր երկիրը, սակայն մեր հզոր բանակը դա թույլ չի տա»: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը երկրում առկա բոլոր խնդիրների համար մեղադրում է ԱՄՆ-ին և անգամ երկրի աղքատությունն է բարդում ԱՄՆ-ի վրա:
Այս տեսանյութում զինվորը նկարագրում է, թե ինչ կարող է պատահել ԱՄՆ-ին, երբ նրանք հարձակում գործեն.
Այս հակամերիկյան տեսանյութը ցուցադրվում էր, երբ մենք «USS Pueblo»-ի տախտակամածին էինք: Հյուսիսային կորեացիները գրավել էին այս ամերիկյան ռազմածովային նավը 1968 թ.-ին:
6) Չի խրախուսվում Հյուսիսային Կորեան «Հյուսիսային Կորեա» անվանել:
Այնտեղ ընդունելի է օգտագործել պարզապես «Կորեա» բառը: Երկրի բոլոր նկարներում պատկերված է Հյուսիսային և Հարավային Կորեան միասին վերցված: Ըստ հյուսիսային կորեացիների` իրենք Կորեայում բնակվող արժանապատիվ կորեացիներ են, իսկ իմպերիալիստ ամերիկացիները զավթել են Կորեայի հարավային մասը:
7) Հյուսիսային Կորեայում եղած ժամանակ պետք չէ փորձել ճշտել Կիմ Ջոնգ Ունի ծննդյան ստույգ տարեթիվը
Պատճառն այն է, որ ստույգ թիվը հայտնի չէ, ինչը վշտացնում է տեղի բնակչությանը:.
8) Հյուսիսային Կորեայում կան շքեղ վայրեր, որոնցում անգամ հոսող ջուր չկա
Հյուսիսային Կորեայի կառավարությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, ասես երկրում նախանձելի իրավիճակ է տիրում: Այսպիսով կարող է այնպես պատահել, որ վիթխարի ջահերով և մարմարյա հատակով պերճաշուք թանգարանում անգամ հոսող ջուր չլինի: Հաճախ զբոսաշրջիկների ուղևորությունը դեպի Հյուսիսային Կորեա խորհրդավոր կերպով հետաձգվում է, իսկ հետո պարզվում է, որ իրական պատճառն այն է, որ, ասենք Յանգակդո հյուրանոցում, ջուրը կտրել են այդ օրը:
9) Հյուսիսային կորեացիները դեռևս շարունակ խոսում են կորեական պատերազմի մասին:
Հարավային Կորեայում կորեական պատերազմը ամենահաճախ արծարծվող թեման չէ: Պատերազմն ավարտվել է 60 տարի առաջ, և այժմ Հարավային Կորեան այլ խնդիրներ ունի, որոնց մասին պետք է մտածել:
Հյուսիսային Կորեայում պատերազմի թեման անընդմեջ արծարծվում է մարդկանց խոսակցություններում: Հյուսիսային կորեացիներին սովորաբար թյուր տեղեկատվություն են տալիս այդ մասին: Ամենամեծ սուտն այն է, թե իբր այդ ժամանակ ամերիկացիները, ովքեր զբաղեցնում էին Հարավային Կորեայի տարածքը, գրոհեցին հյուսիսի վրա` ամբողջ երկիրն իրենց տիրապետության տակ առնելու նպատակով: Նրանց ասում են, թե Կիմ Իր Սենը խիզախորեն ճնշեց գրոհը, և ամերիկացիները նահանջեցին ու մինչ օրս էլ զբաղեցնում են Հարավային Կորեայի տարածքը:
Իհարկե, իրականում Կիմ Իր Սենը (ով ընդամենը դրածո առաջնորդ էր, ով իր պաշտոնին նշանակվել էր Խորհրդային Միության կողմից) տարիներ շարունակ Ստալինին խնդրում էր իրեն թույլ տալ հարձակվել Հարավի վրա` Խորհրդային Միության զինված ուժերի աջակցությամբ: Մի օր էլ Ստալինն իր հավանությունը տվեց Հարավի վրա հարձակվելու նրա ծրագրին, ինչից հետո Հյուսիսային Կորեան գրոհեց: ԱՄՆ-ը մեծ դեր էր խաղում Հարավային Կորեայում, սակայն այդ ժամանակ ամերիկացիների ուշադրությունը կենտրոնացած էր այլ բաների վրա: Ամերիկացիները, գրոհին ի պատասխան, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին ուղևորվեցին Հարավային Կորեա և աջակցեցին հարավային կորեացիներին այս պատերազմում: Այսպիսով, ամերիկացիները չեն սկսել պատերազմը` հարձակվելով խաղաղության մեջ բնակվող հյուսիսային կորեացիների վրա: Չնայած այս փաստերին` Հյուսիսային Կորեայի կառավարությունը շարունակում է պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածել: Կորեական պատերազմի թանգարանում, որն այնտեղ հայտնի է իբրև «Ամերիկյան արյունահեղությունների թանգարան», մեր զբոսավարը ողջ ժամանակ պատմում էր, որ ամերիկացիներն են սկսել պատերազմը: Այդ սենյակում զբոսավարից բացի, բոլորը գիտեին ճշմարտությունը:
10) Երեխաները կրում են միևնույն համազգեստը, անգամ երբ նրանք դպրոցում չեն:

Սա բոլոր երեխաներին չի վերաբերում, այլ միայն ամենաունևոր ընտանիքների երեխաներին: Այցելուներին հնարավորություն է տրվում շփվել միայն այդպիսի ընտանիքների հետ:
11) Վիթխարի երկնաքեր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում

105 հարկանի Ռյուգեն հյուրանոցը, որի շինարարությունը սկսել է 1987 թ.-ին և դեռևս չի ավարտվել, կառուցվում է այն երկրի ժողովրդի կողմից, որի տնտեսությունը կաթվածահար է, որի ենթակառուցվածքները փտում են:

Դժվար է նկարերից հասկանալ, թե որքան տարօրինակ է, որ այս շենքը տեղակայված է Փխենյանի կենտրոնում, մինչդեռ Փխենյանի այլ շենքերը փոքր ու քոսոտ բետոնե շինություններ են, որ մնացել են Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Ստորև ներկայացվող նկարում պատկերված է Փխենյանի տիպիկ շենքերից մեկը, որը տեղակայված է Ռյուգենի դիմաց:
12) Զբոսաշրջիկներին ստիպում են խոնարհվել դամբարանում` որպես հարգանքի նշան Կիմ Իր Սենի և Կիմ Ջոնգ Իլի հանդեպ:

Այս լուսանկարի հեղինակը ես չեմ: Տեսախցիկներն արգելված էին դամբարանում, որը հայտնի է իբրև «Արևի կումսուսանական ամրոց»: Փորձագետներն ասում են, որ դամբարանի կառուցման վրա ծախսվել է 100-900 միլիոն դոլար:
Ուղևորությանս ընթացքում շատ լարված պահեր են եղել, սակայն ամենալարված պահերն անցել են դամբարանում: Մենք` այցելուներս, ստիպված էին երեք անգամ խոնարհվել այս երկու առաջնորդներից յուրաքանչյուրի առաջ:
13) Հյուսիսային Կորեայի ավտոտեսուչների թվում շատ են դիկտատորի տեսքով կանայք
Ինչ խոսք, տպավորիչ է:
14) Մասսայական խաղերը և՛ ապշեցուցիչ են, և՛ վհատեցնող:
Մասսայական խաղերին ներկա գտնվելով` ես այնպիսի տպավարություն ունեի, ասես ներկա եմ գտնվում Օլիմպիական խաղերի բացմանը: Այս արարողությանը մասնակցում է 100.000 մասնակից, այդ թվում` բազում երեխաներ: Նրանք ասես ջանում են պատկերել Հյուսիսային Կորեայի փառահեղ պատմությունը և բարգավաճ ներկան: Ես այնքան էլ հաճախ չեմ շռայլում «սքանչելի» բառը, սակայն այս արարողությունն իսկապես սքանչելի էր: Մասսայական խաղերը տեղի են ունենում ամեն ամառ երեք ամիս շարունակ, շաբաթը չորս օր: Կհարցնեք, թե ինչու են դրանք վհատեցնող: Սոսկ այն պատճառով, որ Հյուսիսային Կորեան աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որտեղ միլիոնավոր մարդիկ սովամահ են լինում, որտեղ հիվանդանոցները շահագործումից դուրս են եկել և որտեղ գրեթե իսպառ բացակայում է էլեկտրականությունը: Այս ամենից հետո այս ողջ պերճանքն այլևս մարդու աչքին չի գալիս:
Անկախ ամեն ինչից, Հյուսիսային Կորեայում Մասսայական խաղերը նշանակալից իրադարձություն է, որի հիմնական շեշտը քարոզչության վրա է: Այնտեղ ընդգծվում է կոլեկտիվի գերակայությունը անհատի նկատմամբ: Շոույի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
15)Հյուսիսային Կորեայի ժողովրդի համար ինտերնետը հասանելի չէ:
Երբ ես հարցրի մեր հյուսիսային կորեացի զբոսավարին, թե ինչու այնտեղի ժողովրդին չի թույլատրվում մուտք գործել ինտերնետ, նա ինձ պատասխանեց, որ Արևմուտքի մասին ինտերնետում տարածված տեսանյութերը դիտելիս տեղի բնակիչների մոտ քննադատական վերաբերմունք կարող է ձևավորվել Արևմուտքի հանդեպ, ուստի, ժողովրդին ինտերնետից զրկելով, Հյուսիսային Կորեայի կառավարությունը ցանկանում է փրկել Արևմուտքի համբավը: Սա ամենաանհեթեթ բացատրությունն էր, որ հնարավոր էր հորինել: Կառավարությունն արդեն չի էլ ձգտում գոնե ճշմարտանման ստեր մտածել:
Հյուսիսային Կորեայի որոշ արտոնյալ բնակիչներ կարող են մուտք գործել միայն հյուսիսային կորեական ինտՐԱնետ: Այս ցանցը, որը սահմանափակվում է միայն այն վեբկայքերով, որոնք հավանության են արժանացել Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից: Զարմանալի չէ, որ Հյուսիսային Կորեան նախավերջին տեղն է զբաղեցնում Մամուլի ազատության ինդեքսում: Վերջին տեղում Էրիթրեան է:
16) Կիմ Ջոնգ Իլն օգտագործել է Մակբուք պրո

Ես իմ աչքերով եմ դա տեսել: Դամբարանում ամփոփված նրա աճյունը տեսնելուց հետո, մեզ ուղեկցեցին Կիմ Ջոնգ Իլի թանգարան, որտեղ ներկայացված էին այն պարգևներն ու պատվոգրերը, որ նրան շնորհվել էին իր կյանքի ընթացքում: Այնտեղ կար նաև մի հսկայական քարտեզ, որի վրա նշված էին այն բոլոր երթուղիները, որոնցով նա ճանապարհորդել էր, ինչպես նաև այն գնացքը, որով հարյուրավոր անգամ ճանապարհորդություններ էր կատարել (նա վախենում էր ինքնաթիռով թռչել): Ինձ ցույց տվեցին այն սենյակը, որտեղ նա ենթադրաբար մահացել էր: Սեղանի վրա դրված էր Մակբուք Պրո:
17) Մարդիկ հիմնականում քայլում էին միասին և համաքայլ
Չե՞ք հավատում: Դե ուրեմն դիտեք այս տեսանյութը, և ձեր բոլոր կասկածները հօդս կցնդեն:
18) Հյուսիսային Կորեան միակ վայրն է, որտեղ հին օրերի թանգարանը հիշեցնում է հին ու բարի օրերի մասին:
Սովորաբար ցանկացած երկրի հին օրերի մասին պատմող թանգարան այցելելով` մարդիկ մտածում են. «Փառք Աստծո, ես այդ օրերում չեմ ապրում», քանզի այնտեղ սարսափազդու ցուցանմուշներ են լինում:
Երբ ես Հյուսիսային Կորեայում լսում էի, թե ինչպես է զբոսավարը պատմություններ պատմում հինավուրց դինաստիաների մասին, մտքովս անցնում էր. «Այնուամենայնիվ, այն ժամանակներում Հյուսիսային Կորեայում ապրելն ավելի լավ կլիներ, քան հիմա»
19) Այս տեսանյութի արցունքներն իրական են
Լավ, ես չգիտեմ, թե արդյոք բոլորի արցունքներն են իրական, թե որոշ մարդիկ արտասվում են լոկ վախենալով, որ հակառակ դեպքում նրանց կպատժեն: Սկզբում ինձ թվում էր, թե այդ բոլոր էմոցիաները շինծու էին, սակայն հետո ես լսեցի մի պատմություն, որը ինձ ստիպեց փոխել իմ կարծքիը:
Մի նոր զելանդացի, ով աշխատում էր այն զբոսաշրջային գործակալությունում, որը կազմակերպել էր իմ ուղևորությունը, ասաց, որ ինքը մի այլ երկրում հանդիպման էր Հյուսիսային Կորեայի կառավարության զբոսաշրջային գործակալության աշխատակցի հետ, երբ հաղորդեցին Կիմ Ջոնգ Իլի մահվան բոթը: Այդ ժամանակ այդ աշխատակիցը ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրեր, սակայն նրա ձեռքն այնպես էր դողում, որ նա չէր կարողանում ստորագրել: Այդ մարդը առանձնացավ կողքի սենյակում և մի քանի ժամ անց ուռած դեմքով ու կարմրած աչքերով դուրս եկավ այնտեղից: Նա գտնվում էր Հյուսիսային Կորեայից դուրս, ուստի պատճառ չուներ կեղծել իր էմոցիաները և կոկորդիլոսի արցունքներ թափել:
Բիրտ ու անսիրտ բռնապետը պետք է հոգեբանական հնարներ կիրառի, որպեսզի ժողովուրդը արժանանա նրա սիրուն: Կիմերը լավ են գլուխ հանում նման բաներից:
20) Հյուսիսային Կորեա այցելելուց հետո Չինաստանը անսահմանափակ ազատություն ընձեռող երկիր կթվա:

Հյուսիսային Կորեան մի վայր է, որ նման չէ ոչ մի այլ երկրի:
Ճանապարհորդության լուսանկարներն այստեղ են:
Ստորև ներկայացված են նաև որոշ տեսանյութեր Փխենյանում գտնվող «Դպրոցականների Մանգյոնդե Պալատ» կատարած իմ այցելությունից: Սա դպրոց է «էլիտար» երեխաների համար: Այստեղ սովորելու հնարավորությունն ընձեռված է միայն ամենաբարձր խավի ընտանիքների երեխաներին:
Մեզ հնարավորություն տվեցին դիտել երեխաների պարապմունքները.
Փոքրիկ աղջիկները պարով են զբաղվում:
Փոքրիկ աղջիկները արտասովոր երաժշտական գործիք են նվագում:
Փոքրիկ աղջիկները ակորդեոն են նվագում:
Փոքրիկ աղջնակը համակ ուշադրությամբ ասեղնագործություն է սովորում:
Դպրոցից դուրս գալիս երեխաներն ու ես հրաժեշտ տվեցինք միմյանց: Այդ պահն այստեղ ներկայացված է տեսանյութով: Ուղևորության ամենատխուր պահը երեխաներին այցելելն էր: Նրանք նույնքան արժանավոր են, որքան ցանկացած այլ երեխա: Մարդու սիրտ է ցավում` տեսնելով նրանց այսպիսի քոսոտ վայրում: Ողջ բնակչությունը արժանի է շատ ավելի բարեկեցիկ կյանքի: Հուսանք, որ շուտով այնտեղ բարեփոխումներ կլինեն:
Բոլոր տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: