13:18 , 14 նոյեմբեր, 2013
Ղրղզստանում վետերանները ստանում են մոտ 150, Ռուսաստանում՝ 80-90, Ուկրաինայում՝ 70 ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով փոխհատուցում, ինչը, Հայաստանի ազատամարտիկներին տրվող փոխհատուցումների հետ համեմատած, մի քանի անգամ ավել է. այսօր նրանք ստանում են մոտ 13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ 5000 դրամ:
Սրանք խոսուն թվեր են, որոնք վկայում են, որ մեզանում այնքան էլ չեն արժևորվում մարդիկ, ովքեր անուրանալի դերակատարություն ունեն հաղթանակի կայացման գործում։
Ընդ որում, զուտ բարոյական հարթության մեջ, նույն չեչենական պատերազմը պակաս մոտիվացված էր Ռուսաստանի, քան ղարաբաղյանը՝ Հայաստանի համար։
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո՝ պետությունը պարտավոր էր արդյունավետ մեխանիզմներ մշակել՝ «զենքով մարդկանց» քաղաքացիական կյանքին ինտեգրելու համար։
Դա չարվեց, փոխարենն՝ իշխանությունը գնաց ռազմական էլիտա ձևավորելու ճանապարհով։
Այդ էլիտան պետք է դառնար իշխանության կարևոր հենարանը, նաև՝ իր կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսներով, վերահսկեր սոցիալապես անապահով հազարավոր ազատամարտիկների։
Այս մեխանիզմն արդյունավետ աշխատում էր երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք։
Նրա մահից հետո՝ բանակը և Երկրապահը չունեցան խարիզմատիկ առաջնորդներ, գործող մեխանիզմը սկսեց արգելակվել՝ հանգեցնելով ԵԿՄ պարբերական պառակտումների, իսկ հիմա նաև՝ նրան, որ էլիտան չի կարողանում վերահսկել «ներքևներին»։
Իհարկե, ես չեմ ընդունում, որ կռված տղերքը փորձում են քաղաքական օրակարգ ձևավորել։
Բայց նրանք դա լավ օրից չեն անում։ Տեղի ունեցածն՝ իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանք է, ընդ որում՝ բոլոր երեք նախագահների պատասխանատվությամբ։