Կույրերի թիվը մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել


12:36 , 13 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

1745թ. նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում ծնվել է Վալենտին Հայուին (Valentin Haüy), ով հայտնի մանկավարժ էր և Փարիզում ու ետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ է հիմնել: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ՝ Վալենտին Հայուիի ծննդյան օրը հռչակվել է Կույրերի միջազգային օր (International Day of the Blind)։

Մինչև 18-րդ դարն աշխարհում չկար կույրերի համար նախատեսված հաստատություն։ Վալենտինն, անձամբ մշակելով տառատեսակներ, առաջին անգամ ցուցադրեց կույրերին ուսուցանելու իր մեթոդը։

1784թ. Փարիզում, առանց կառավարության և բարեգործական ընկերությունների աջակցության, սեփական միջոցներով իր իսկ տանը նա բացում է կույր երեխաների համար նախատեսված աշխարհում առաջին դպրոցը՝ « Աշխատավոր կույրերի արհեստանոց» անվանմամբ։ Նրա առաջին աշակերտը Ֆրանսուա դե Լեզյուեր անունով տղան էր: Հետագայում աշակերտների թիվը շատացավ: 

Կույր երեխաների ուսուցումը և դաստիարակությունը Հայուին դնում է գիտական հիմքի վրա։ Նա մշակում է «ունցիալ» տառատեսակը, որի շնորհիվ հնարավոր է դառնում ուսուցանել կույր երեխաներին և գրքեր տպագրել։ Կույրերի համար գրքեր տպագրելու գաղափարը նույնպես պատկանում է Հայուին։ 

Չնայած նյութական ծանր պայմանների՝ նա դպրոցին կից տպարան է բացում և մի քանի գիրք տպագրում, որոնք առաջին գրքերն էին՝ նախատեսված կույրերի համար։

1803թ. ռուս կայսր Ալեքսանդր Առաջինից նա Ս. Պետերբուրգում ևս կույրերի համար կրթարան բացելու առաջարկ է ստանում:

Այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում։  Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։

Աշխարհի շատ երկրներում այս օրը մի շարք միջոցառումներ են անցկացվում, որի նպատակը հասարակության ուշադրության սևեռումն է տեսողության խնդիր ունեցող մարդկանց վրա՝ նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելու նպատակով: 

New layer...