10:10 , 13 նոյեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Նոյեմբերի 11-ին տարածված Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրին միացել է ավելի քան 80 արվեստագետ՝ ՀՀ ժող.արտիստներ, վաստակավոր արտիստներ, արվեստի վաստակավոր գործիչներ, պրոֆեսորներ ու դերասաններ։ Այսօր երաշխավորագիրը կհանձնվի՝ ըստ հասցեների: Մեջբերում ենք այն ամբողջությամբ։
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:
Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել:
Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, <Էրեբունի> հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան <Սթրես> կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:
Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին <Դատապարտյալների հիվանդանոց>: Դատարանը բավարարեց որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ <կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում>: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձևակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ