07:58 , 13 նոյեմբեր, 2013
«Ժամանակը» գրում է, որ Ի. Զաքարյանի վերընտրվելու հետ կապված երեկ խորհրդարանում զուգահեռներ էին տարվում նրա եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ, քննարկվում էր նրա եւ Հ. Աբրահամյանի նմանությունը հաջողակ եւ ճկուն լինելու հարցում: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ Ս. Սարգսյանը պաշտոնանկ արեց Հ. Աբրահամյանին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն, իր դեմ կազմակերպվող դավադրությանը մասնակից լինելու պատճառով: Որեւէ մեկը չէր կասկածում, որ նա Հ. Աբրահամյանին այլեւս բարձր պաշտոնի չի նշանակի, որ ԱԺ նախագահն այլեւս վստահելի չէ: Բայց ընդամենը 6 ամիս անց նա կրկին նշանակվեց այդ պաշտոնում ու հիմա հավանաբար ծիծաղում է իրեն թոշակի ուղարկողների վրա:
Այդ երկու պաշտոնյաների նմանությունը միայն այդքանով չի սահմանափակվում: Նրանք երկուսն էլ որոշակի առնչություն ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հ. Աբրահամյանը նրա խնամին է, ու կարծիք կա, թե նրան օգտագործելով՝ իր քաղաքական հարցերն է լուծում: Իսկ Ի. Զաքարյանը առաջին անգամ ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրվել է այդ կուսակցության կոալիցիոն քվոտայով: Ու թեեւ սկզբնական շրջանում ԲՀԿ-ական նախարարների գերատեսչություններում չարաշահումներ հայտնաբերելու պատճառով լարվածություն ունեցավ այդ կուսակցության ու Գ. Ծառուկյանի հետ, բայց այժմ կարծես այդ ամենը հարթված է: Դա հավանաբար զգում են նաեւ իշխանությունները:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում