22:57 , 12 նոյեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության:
Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»:
Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է:
Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր` Հայկ Հակոբյանը, և նրանց երեխաներ` Էդվարդ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, Էդգար Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում:
21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:
06.11.2013թ`. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:
Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի. «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»:
08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ:
Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է, որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի` «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ