Գնալով հակվում եմ նրան, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավորը հենց «տուժող» կողմն է


12:36 , 12 նոյեմբեր, 2013

Գնալով ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավոր է եղել «տուժող կողմը»: Նման կարծիքի հանգեցի` հատկապես կարդալով Հակոբյանների ընտանիքի փաստաբան Մարատ Գինոսյանի հարցազրույցը, որովհետև աչք ծակեց մի քանի փաստ, որոնք թույլ են տալիս մտածել, որ Գինոսյանը դեմագոգիա է անում:
Նախ, նա հայտարարեց, որ տեղյակ չէ` արդյո՞ք Վարդան Պետրոսյանը խմած կամ քնած է եղել, ինչը աբսուրդ է, որովհետև բուժզննամն եզրակացությունը արդեն լայնորեն շրջանառվում է համացանցում և այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել:
Երկրորդ, կասկածելի հանգամանքը այն է, որ նա անընդհատ մատնանշում է, որ Պետրոսյանը շատ արագ է վարել, մինչդեռ, վթարը եղել է մայրուղու վրա, որտեղ թույլատրելի արագությունը կարծեմ 80 (+10) կմ/ժ է, ինչն ավելի քան բավարար էր նման վնասվածքներ պատճառելու համար:
Կասկածելի է նաև, թե ինչպես է Գինոսյանը փորձում «ցրել» Նիվայի ուղևորների վերաբերյալ հարցերը՝ անընդհատ մատնանշելով, որ Նիվան կանգնած է եղել երթևեկելի գոտուց դուրս: Նա պնդում է, որ երեխաներից ոչ մեկը ղեկին չի եղել, բայց դա, ինձ թվում է, վերջնականապես կարող է պարզել միայն դատարանը, նա, կարելի է ասել, ասում է. «Դե ի՞նչ է եղել, որ Նիվայում 6 մարդ է եղել», և այս տիպի բաներ:
Շերլոկ Հոլմս չեմ ուզում լինել, բայց այս ամենը հեչ դուրս չի գալիս ու ամենևին էլ չեմ զարմանա, որ պարզվի, որ «տուժած» կողմի այս ցայտնոտությունը պայմանավորված է հենց նրանով, որ մարդիկ չեն ուզում պարզվի եղելությունը, այլ պետք է մեկը, ում վրա կբարդեն ողջ մեղքը: