Ինչպե՞ս կարելի է երաշխավորել կամ սատարել մի մարդու, ով, կամա, թե ակամա, դարձել է երկու երիտասարդների մահվան պատճառ


12:12 , 12 նոյեմբեր, 2013

Վերջին օրերին հետևելով Վարդան Պետրոսյանի հետ կատարված դեպքերի   զարգացմանը` ուղղակի ապշում եմ որոշ մարդկանց արտահայտած կարծիքները լսելիս: Ինչպե՞ս  կարելի է երաշխավորել կամ սատարել  մի  մարդու, ով, կամա, թե ակամա, դարձել է   երկու  երիտասարդների, մեր   երկրի   համար վաղվա երկու զինվորների, ապագա երկու ընտանիքների հայրերի ու ապագա երկու ամուսինների մահվան   պատճառ: Ես չեմ կարողանում հասկանալ` մի՞թե այդ սատարող կոչվածները մի պահ չեն մտաբերում զոհված տղաներին, չեն պատկերացնում նրանց մայրերի, ընտանիքի անդամների ներկայիս հոգեվիճակը: Ի՞նչ կարևոր է Վարդան Պետրոսյանի ով լինելը, նա, դերասան լինելուց բացի, մարդ է, սովորական  քաղաքացի  և պարտավոր է ենթարկվել մեր երկրի օրենքներին, կարգ ու կանոնին և նրա վաստակը արվեստում մեղմացուցիչ հանգամանք  լինել չի կարող: Եթե այդպես է, ուրեմն  թող բոլոր արվեստի ներկայացուցիչները գողանան, թալանեն, բռնաբարեն, սպանեն`վստահ լինելով, որ որոշ մարդիկ իրենց կերաշխավորեն, և իրենք, «արվեստում ունեցած վաստակի» համար, կխուսափեն պատասխանատվությունից: Այդ երաշխավորողները ինչու ամեն օր տեղի  ունեցող  ավթովթարների ժամանակ նամակ-երաշխավորագրով չեն դիմում պատկան մարմիններին և չեն պահանջում ազատ արձակել սովորական քաղաքացիներին կամ  փոխել նրանց խափանման միջոցը: Եթե հասարակ քաղաքացին «արվեստի մարդ» չէ, ուրեմն պետք է դատապարտվի ու ենթարկվի մեր օրենքներին, իսկ արվեստով զբաղվողները խուսափեն դրանից: Կարծիքներ արտահայտելուց առաջ մտածեք երկու կողմերի մասին, հարգեք զոհված տղաների   հարազատների վիշտը և թող արդար բացահայտումներից հետո պատժվի մեղավորը` լինի դերասան, գիտնական, թե նախարար: Մեր երկրում արդարադատությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, ուստի այս անգամ պետք է լինել առավել արդար և համոզել ժողովրդին, որ անկախ գործունեության ոլորտից, մեր երկրում պատժվելու են բոլորը (չնայած   մինչ օրս այդպես չի եղել): Ես չեմ ճանաչում զոհվածներին, որևէ հակակրանք չունեմ Վարդան Պետրոսյանի նկատմամբ, այս հոդվածը պատվիրված չէ և ես արտահայտել եմ իմ մարդկային տեսակետը (կուզենայի գրածս ճիշտ ընկալվեր):