11:40 , 12 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, «7-ի գործով» նախկին մեղադրյալ Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը: - Պարոն Հարությունյան, օրեր առաջ մեզ հետ զրույցում ասացիք, որ պատրաստվում եք Ձեր որդու հարցով դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, դիմեցի՞ք: - Գրել եմ, մի լավ անգլերեն իմացող կա, պետք է թարգմանի, նոր ուղարկեմ: Մի քանի օր հետո կուղարկեմ: - Իսկ ի՞նչ բովանդակություն ունի Ձեր նամակը: - Ընդհանուր առմամբ այն է, որ Հայաստանում իշխող անարդար վիճակը, բռնությունները՝ այս բոլորն իմ տղային՝ Շանթ Հարությունյանին դրդեցին դուրս գալ այդ ամենի դեմ: Մոտավորապես այս բովանդակությամբ բողոք է, որովհետև մեր ընտանիքի նկատմամբ հիմնականում Ռուսաստանի կողմից հալածանքներ եղել են, բոլորը գիտեն այդ մասին: - Իսկ ի՞նչ եք պահանջում Բարաք Օբամայից: - Ես չեմ կարող կռահել, թե ինչ վերաբերմունք ցույց կտա Օբաման, կարծում եմ նրան կվրդովեցնի: Վերջիվերջո ես շուրջ 30 տարվա իրենց քաղաքացին եմ, իմ մասին գիտեն, գիտեն թե ինչ պայմաններում եմ եկել այս երկիր, մեր ընտանիքի մասին էլ գիտեն: Չգիտեմ՝ ինչ վերաբերմունք ցույց կտան: Ես չեմ բավարարվում միայն Օբամային դիմելով, միջազգային կազմակերպություններին, ինձ ծանոթ կոնգրեսականներին ևս կդիմեմ: - Ասացիք, թե կարծում եք Օբամային կվրդովեցնի, ի՞նչ նկատի ունեք՝ կրդովեցնի ինչպես են վարվել Ձեր որդու հե՞տ՝ նրան ձերբակալելը՞: - Այո՛, դա նկատի ունեմ: - Իսկ միջազգային կազմակերպություններից ի՞նչ եք ակնկալում: - Ես շատ ակնկալիքներ ունեմ,«Amnesty international»-ին կդիմեմ, միջազգային Կարմիր խաչին կդիմեմ: - Ձեր որդու նկատմամբ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել. շատերը նրան մեղադրում են բռնության հայտարարություններ հնչեցնելու մեջ: - Գիտեք, ինքը շատ էմոցիոնալ անձնավորություն է: Ես չեմ կարող իր էմոցիոնալ վիճակը մեկնաբանել: - Եթե լինեիք Հայաստանում, այս վիճակը տեսնելով՝ կվարվեի՞ք այնպես, ինչպես Ձեր որդին վարվեց: - Տվյալ իրադրության մեջ չգիտեմ ինչպես կվարվեի: - Ամեն դեպքում չե՞ք բացառում: - Չգիտեմ, չեմ կարող ասել: - Ձեր որդին ասում է, որ միայն հեղափոխությունը կփրկի Հայաստանը: Փաստորեն դրա իրականացումը ձախողվեց, այլ տարբերակներ տեսնո՞ւմ եք: - Այլ տարբերակ գոյություն չունի: Ես պնդում եմ, որ միայն հեղափոխություն իրականացնելով կարելի է հասնել հաջողության: