Իշխանական դեՌասանները պատերազմ են հայտարարել արտիստին


03:19 , 12 նոյեմբեր, 2013

Hayeli.am-ը գրում է.

Երեւան-Եղվարդ ճանապարհին պատահած ոբերգությունից ընդամենը մի քանի օր անց, երբ Վարդան Պետրոսյանը դեռեւս ետվիրահատական ծանր շրջանում էր, քննչական մարմինների վարքից արդեն իսկ կարելի էր եզրակացնել այն, ինչ պատահեց արտիստի հետ։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքն առաջադրված է, դեռեւս վատառողջ արտիստը՝ կալանավորված։Մինչ այդ՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն առանց ծանուցում ուղարկելու ցանկացել է հարցաքննել Վարդան Պետրոսյանին։ Դերասանը, բնականաբար. հրաժարվել է՝ ասելով, որ առանց պաշտպանի չի կարող մասնակցել քննչական գործողությանը: Իսկ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցաքննության մասին ծանուցում չի ուղարկվել։ Եվ ահա, քննչական մարմիններն իրենց իսկ ստեղծած խառնաշփոթը շատ արագ օգագործեցին ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ ներկայացնելով այնպես, իբր վերջինս հրաժարվել է որպես մեղադրյալ ներկայանալու։

Մինչ քննչական մարմինների ստեղծած խառնաշփոթը կաշխատեր ընդդեմ Վարդան Պետրոսյանի, քննչականի բաժնի պետը գնում է խաշ ուտելու եւ սխտորի ու յողուտ մսաջրի արանքից մամուլին նետում, թե չծանուցված հարցաքննությունից խուսափող Վարդան Պետրոսյանն ընդամենը “դերասանություն է անում”։

Պետք է նկատել, որ վերջին քսանամյակում երկրում էժան դերասանություն են արել հենց իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Իշխանական այս երեք թեւերը, որ Սահմանադրության համաձայն պետք է գործեին անկախ եւ փոխադարձ վերահսկողությամբ, ըստ էության, խաղացել են մեկ սցենարիստի եւ մեկ բեմադրիչի պատվիրակած նույն դերը։ Եվ այդ խաղը որքան անճոռնի էր, նույնքան ճակատագրական՝ մի ամբողջ երկրի համար։

Ոչ միայն քննչականի պետը, այլեւ այս համընդհանուր խառնակ բեմադրության բոլոր “դերասանները” պետք է առնվազն անհարմար զգան թատրոնից ու դերասանությունից խոսելիս, որովհետեւ անգամ սերիալներում հայտնված փողոցից բերված այն կանայք ու տղամարդիկ այդպես չէժանացրին դերասանություն ասվածը, որքան հենց իրենք՝ իշխանական երեք թեւերի ներկայացուցիչները։

“Վարդան Պետրոսյան” դրամայի սցենարիստներն, անշուշտ, արդեն գրել պատրաստել են սցենարի հանգուցալուծումը։ Եվ քանի որ մեզ արդեն քաջ ծանոթ է այս ձեռագիրը՝ դժվար չէ եզրակացնել, թե ինչ են պատրաստել դրամայի հերոսի դերում հայտնված Վարդան Պետրոսյանի համար՝ ստորացում, տանջանքներ, քաշքշոց եւ ապա մի մեծ կողպեք ճշմարիտ խոսքի ու արվեստի վրա։

Հետեւաբար, բոլոր այն քաղաքացիները, ովքեր հասել են երկրի գլխին խաղացվող այս սցենարի ու “դերասանների” խաղի նկատմամբ զզվանքից անդին, պետք է գործնական քայլերով պահանջեն իջեցնել վարագույրն ու փրկել դեկորացիայի վերածված իրենց տարածքը։ Այս նոր սցենարի զոհը  միայն Վարդան Պետրոսյանը չէ, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում տարիներ շարունակ պարտադրել են լսել, տեսնել եւ մաշկի վրա զգալ հանիբալական երեւեկայությամբ գրված այս ներկայացումը։