01:14 , 12 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում
Դերասան Միքայել Պողոսյանը, ով մեկն է այն մտավորականներից, ովքեր Վարդան Պետրոսյանի հանդեպ քննչական գործողությունների համաչափության դեմ բողոքում են ու պահանջում փոխել արտիստի նկատմամբ խափանման միջոցը, հայտարարել է, որ եթե չպատժվի քննիչը, ապա իրենց այստեղ մնալն ու արարելը անիմաստ է դառնում:
Այլ կերպ ասած, տաղանդավոր դերասանը սպառնում է արտագաղթով, եթե քննիչին չպատժեն: Ասել, թե Վարդան Պետրոսյանի հանդեպ իրավապահ եւ դատական համակարգի անհամաչափ վերաբերմունքը առաջինն է կամ ամենազազրելին, մեղմ ասած սխալ կլինի: Վարդան Պետրոսյանից առաջ Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ, որ կատարվել են հայտնի կամ անհայտ անձանց հանդեպ իրավապահ համակարգում կամ դատարանում: Եվ ցավոք սրտի վստահաբար կարելի է ասել, որ դեռ կլինեն նորերը:
Հիմա Միքայել Պողոսյանը քննիչին չպատժելու դեպքում անիմաստ է համարում «այստեղ մնալն ու արարելը»: Իսկ եթե պատժեն, արդյոք մնալն ու արարելն իմաստավորվում է նրա համար: Չէ որ բազմաթիվ այլք մնում են անպատիժ՝ ապօրինություն են գործում քաղաքացու հանդեպ եւ մնում են անպատիժ: Միթե հարցը ընդամենը գործընկերը կամ ընկերն է, թե հարցը քաղաքացու հայտնիության չափանիշն է:
Իսկ գուցե պետք էր այստեղ լինել եւ արարելուց բացի, նաեւ քաղաքացիական ակտիվ կեցվածքով հանդես գալ բոլոր եւ հատկապես առավել աղմկոտ անարդարությունների եւ անօրինականությունների դեմ: Այդ ժամանակ գուցե Վարդան Պետրոսյանին արդարադատության անհամաչափությունից կամ քննչական կամայականությունից պաշտպանելու կարիք չէր էլ լինի:
Այլապես տպավորություն է, որ կամա, կամ թեկուզ ակամա, բայց իրենց գործընկերոջ կամ ընկերոջ ողբերգական վիճակը շահարկում են հայտնիներից շատերը, օգտագործելով իրավունքի պաշտպան ներկայանալու հարմար առիթը, այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով բաց են թողել եւ բաց են թողնելու տասնյակ կամ հարյուրավոր այլ՝ առավել աղաղակող առիթներ:
Հայաստանում, ուր անօրինականությունները հասնում են ռեկորդային չափերի, մտավորական կամ մշակութային գործիչը մնալ եւ արարելուց բացի, պետք է նաեւ պայքարի դրանց դեմ՝ պայքարի բավական պարզ, շոշափելի, տեսանելի, հանրայնորեն նկատելի, ուղիղ: Օրինականության սրված խնդիր ունեցող հասարակություններում այդ պայքարը դառնում է արվեստի, մշակույթի ներկայացուցիչների հասարակական կարեւոր գործառույթ, նրանց գոյության իմաստի չափման կարեւոր նիշ: Այլապես, մնացյալը հանգում է ընդամենը դերասանության՝ պարզ դերասանության բառի բուն եւ պատկերավոր իմաստով: