18:46 , 11 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում միջազգային քաղաքական օրակարգի ամենակարևոր թեմաներից մեկին՝ Իրանի ու Արևմուտքի միջև բանակցային գործընթացին, որն ըստ պարբերականի՝ դրական արդյունքի հասնելու մեծ շանսեր ունի։
Հոդվածագիր Դևիդ Բլեերը գտնում է, որ «տրամաբանական դիվանագիտության արդյունքում 2 խոշորագույն թշնամիները՝ Իրանն ու ԱՄՆ-ն, մերձենում են՝ հույս ներշնչելով, որ մշտապես «անհնարին» թվացող համաձայնությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է վերջիվերջո ձեռքբերվել»։
«ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով ցանկանում է փակուղուց դուրս բերել Իրանի միջուկային խնդիրը, թվում է՝ արդեն մոտ է հաջողությանը։ Ժնևում եռօրյա բանակցությունների շրջանակում Քերին ավելի շատ ժամանակ է անցկացրել թշնամական երկրի` Իրանի միջուկային հարցերով բանագնաց Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, քան որևէ այլ ամերիկացի պետքարտուղար նախկինում։
Սա առաջացրեց Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի՝ Իսրայելի դժգոհությունը. վարչապետ Բինյամին Նեթանյահուն ժնևյան բանակցություններից առաջ նախապես դատապարտեց հնարավոր համաձայնագրի ձեռքբերումը»,-շարունակում է հեղինակը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կորած չէ, քանի որ բանակցություններն Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև վերսկսվելու են նոյեմբերի 20-ին, ու «համաձայնության հույս դեռևս կա»։
«Եվ մինչ նշանակալի պահը մոտենում է, առաջ է գալիս տրամաբանական մի հարց. իսկ կողմերից ո՞ր մեկին է միջուկային համաձայնագրի ձեռքբերումն առավել անհրաժեշտ»,-հարց է հղում Բլեերն ու ներկայացնում իր վերլուծությունը։
«Քերին ու նրա իրանցի գործընկեր Զարիֆն ամենևին էլ չէին փորձում Ժնևում միջուկային խնդիրը հիմնովին լուծել։ Նրանք ավելի շատ ցանկանում էին ապագա համաձայնության առաջին քայլն անել, որի շրջանակներում Իրանը մասամբ կսահմանափակեր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը կթեթևացներ իսլամական պետության նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ»,-գրում է Բլեերը, ում համոզմամբ՝ ժնևյան բանակցությունների նպատակը հետագայում համապարփակ համաձայնագրի ձեռքբերման համար ժամանակ շահելն էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ