14:07 , 11 նոյեմբեր, 2013Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեռ նոյեմբերի 8-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Ադրբեջանի Բեյլագանի շրջանում ռազմական տեխնիկայի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, ինչի արդյունքում տանկը հայտնվել էր ջրանցքում: Ընդ որում, մինչ ջրանցքում հայտնվելը, տանկը «հողին էր հավասարեցրել» ավտոկանգառն ու ճզմել երկու մեքենա:
Չնայած այն հանգամանքին, որ փաստի տարածմանը զուգահեռ լրատվամիջոցներում ու սոցցանցում տարածվում էին նաև ականատեսների կողմից արված լուսանկարները, միջադեպից մի քանի օր անց, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ոչ թե պարզաբանումներ է ներկայացրել միջադեպի մանրամասների առնչությամբ, այլ «հաթաթա տվել» այն լրատվամիջոցներին, որոնք այդ մասին տեղեկություն են տարածել:


Ադրբեջանի ՊՆ-ն հորդորել է ԶԼՄ-ներին «ապատեղեկատվություն» չտարածել. նման դեպքերում լուրեր թողարկելուց առաջ «ճշգրիտ ինֆորմացիա» ստանալու համար դիմել նախարարությանը: Ու սա այն դեպքում, որ ՊՆ-ն այս դեպքից հետո «խորը անհասանելիության մեջ էր»:
Այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե փորձում էր քողարկել միջադեպը, հայտնի էր դեռ միջադեպի օրը, քանզի դեպքից անմիջապես հետո, զինվորական ու ոստիկանական հատուկ ստորաբաժանումները շրջափակել էին պատահարի տարածքը՝ չթույլատրելով լրատվամիջոցներին իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը: Եթե այդ տարածքում ոչինչ տեղի չէր ունեցել, ապա ինչո՞ւ էր շրջափակվել տարածքը և ի վերջո, ի՞նչ լուսանկարներ էր տարածվել մամուլում:
Եվ պատահական չէ, որ պաշտպանական գերատեսչության կողմից հաղորդագրություն տարածելուց հետո, ՊՆ մամուլի ծառայությունը ծաղրի առարկա է դարձել հենց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք նշում են, որ հակառակ սպասումներին, ՊՆ մամուլի ծառայությունում իրականացված փոփոխությունները որևէ արդյունք չեն տվել և այդ մարմինը շարունակում է իր նախորդի ձևավորած «բարի ավանդույթները»:
Այս միջադեպը լավագույնս ի ցույց է դնում այն գործելաոճը, որը հատուկ է ադրբեջանական քարոզչամեքենային, երբ Ադրբեջանի պետական մարմինները փորձում են հերքել անհերքելին՝ փորձելով քողարկելով այնպիսի ակնհայտ փաստեր, որոնք որևէ կերպ կասկածի տեղիք չեն տալիս: Ադրբեջանի պետական քարոզչամեքենան աշխատում է խափանումներով, ինչի բացահայտ օրինակներից մեկն էլ այս միջադեպի հետ կապված զարգացումներն էին: