Երկիրը երկիր սարքելու գլխավոր սկզբունքը (քերականական զավեշտ)


09:40 , 11 նոյեմբեր, 2013

Սիրելիˊ բարեկամներ, կրկին շատ շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար: Ամեն անգամ, երբ կարոտի հերթական ծանր հարձակման ենթարկվեմ, նորից ու նորից կընթերցեմ ձեր խոսքերը ու կվերագտնեմ իմ ուժերը: Երախտագիտությունս ուզում եմ հայտնել մի փոքրիկ «քերականական զավեշտով», որն արտացոլում է իմ տեսակետն առ այն, թե ինչ է պետք, որ էս երկիրը դառնա երկիր:  

Որպեսզի մեր հայրենիքը երկիր դառնա, անհրաժեշտ է, որ ամեն մեկս զբաղվենք մեր գործով ու լինենք մեր գործի պրոֆեսիոնալը` անկախ գործի բնույթից: Այսինքն` մեր գործը կատարենք անմնացորդ նվիրումով ու բարեխղճությամբ: Իսկ ԳՈՐԾ-ը սիրում է ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ, ոչ թե սեռական, կաˊմ տրական, կաˊմ բացառական, կաˊմ այլ բան…Ուստի մարդ պիտի իր բոլոր մարմնամասերն ու որակները գործի դնի հենց ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՎ, այսինքն` պիտի իր գործն անի.

 

1) գլխՈՎ, ոչ թե գլխԻՑ դուրս կամ գլխԻՑ մեծ / վեր,

2) ձեռՈՎ, ոչ թե ձեռԻ հետ,

3) ոտՈՎ, ոչ թե ոտԻ վրա,

4) ականջՈՎ, ոչ թե ականջԻ հետև գցած,

5) ջիգյարՈՎ / լյարդով, ոչ թե լեղԻՆ ճաքած,

6) կայֆՈՎ, ոչ թե (իրա) կայֆԻՆ / քեֆԻՆ,

7) դուխՈՎ, ոչ թե դուխՈՒ` կոսմետիկ բզբզումներով,

8) հոգՈՎ, բայց ոչ հոգՈՑների ուղեկցությամբ…

Ու ամենակարևորը`

9) հոգնությամԲ, բայց ոչ ՀՈԳՆԱՅԻ սկզբունքԻ համաձայն (այսինքն` «ինձնից հետո թեկուզ հեղեղ»)…