Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի կիրառումը իրավականորեն հիմնավորված չէ, նրան պատժեցին իր գործունեության համար. կարծիքներ


09:10 , 11 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Երկու մահվան ելքով տեղի ունեցած ավտովթարի գործով դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է իրավականորեն ոչ հիմնավորված և պատժի կիրառում հենց դերասանի գործունեության համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում իրենց դիրքորոշումները հայտնեցին նաև արվեստագետներ, որոնք նույնպես ցավում են կատարվածի համար, բայց համաձայն չեն դատարանի որոշման հետ:

«Խափանման միջոցի ընտրության հարցը պետք է տարանջատել անձի նկատմամբ մեղադրանքից: Այստեղ կանխամտածված շփոթության մեջ են գցում, որ խափանման միջոցն ուղղակի կապ ունի հանցանքի հետ, որում անձին մեղադրում են: Վարդան Պետրոսյանի անձով պայմանավորված չէ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ունի պատժողական բնույթ, այսինքն՝ կիրառվում է ոչ թե օրենսդրության տրամաբանությունից, այլ պատժի տրամաբանությունից: Դատարանը պարտավոր է ելնել այն հանգամանքից, որ դա ծայրահեղ միջոցը պետք է հանդիսանա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե անձը կարող է կամ խուսափել, կամ թաքնվել նախաքննության մարմնից, կամ վտանգ է ներկայացնում նախաքննության համար, նոր պետք է կիրառվի կալանքը:

Իսկ կոնկրետ Վարդան Պետրոսյանի դեպքում, ըստ նրա, պատգարակին գամված առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կիրառելը որևէ տրամաբանությամբ հիմնավորված չէ, և հաստատ նա չէր կարող փախչել: Նա հանրաճանաչ անձ է, որին ճանաչում են ամեն տեղ: «Տվյալ դեպքում կիրառումը ակնհայտորեն իրավական տեսակետից հիմնավոր չէ, բայց, հաշվի առնելով նրա գործունեության բնույթը, ավելի շատ հակված եմ գնահատելու, որ նրան պատժեցին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, թե վերստին հաստատվեց, որ դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունները նոտարական վավերացնողի դիրքում է:

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում, որն ունի նրան պատժելու նպատակ՝ ելնելով նրա գործունեությունից, և դատական ատյանն ընդամենը մեխանիկական գործունեություն իրականացրեց:

«Ակնհայտ է, որ նա կտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց, և այդ դեպքում ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է դրանից շահում նախաքննության մարմինը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

«Անկասկած, ցավակցում եմ մահացած երիտասարդների հարազատներին, դա մի մեծ ողբերգություն է, բայց այդ ողբերգության մի մասն էլ, անկասկած,  Վարդան Պետրոսյանն է կազմում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Նարեկ Դուրյանը և ավելացրեց. «Ես համաձայն չեմ, ես Վարդանին շատ լավ իմանալով, նրա խելքը գլխին տղա լինելն իմանալով՝ ես չեմ կասկածում, որ Վարդանը երբեք իր պատասխանատվությունից կխուսափի: Եվ այս վիճակում տղային ձերբակալելու հետ համաձայն չեմ, Վարդանը չի փախչի, ես երաշխավորում եմ, որ իր պատասխանը կտա»:

Ռեժիսորի խոսքով՝ հատկապես եթե իրավական հիմք չկա, ինքը համաձայն չէ, որ դերասանին այդ վիճակով կալանավորեն։ «էդ տղան էդ վիճակում, կես լյարդով, առանց փայծաղի, և լիներ Վարդանը, թե մեկ ուրիշը, էլեմենտար մարդկային մոտեցման հարց է, որ իրեն տանեն բանտ... ես համոզված եմ, որ ինքը չէր փախչի: Նա այդ տղան չէ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ