15:25 , 8 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Վարկանիշային դասակարգումների շարքից.
Աշխարհի 34 պետությունների միավորող «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» փորձագետներն այս անգամ ուսումնասիրել են, թե որ երկրներում են կանայք ավելի շատ իրենց ժամանակը ծախսում կենցաղային և կանացի պարտավորությունների վրա:
Ըստ այդմ՝ չվճարվող աշխատանքով, այն է՝ տնային տնտեսությամբ, երեխաների դաստիարակությամբ և այլն, բոլորից շատ զբաղվում են իտալուհիները, ովքեր շաբաթվա ընթացքում նման բնույթի գործունեությանը տրամադրում են 21 ժամ ավելի, քան իրենց ամուսինները:
Դասակարգման երկրորդ հորիզոնականում իսպանուհիներն են, ովքեր իրենց կողակիցներից 15 ժամ ավելի են ծախսում տնային գործերի վրա: Եռյակը եզրափակում են բրիտանուհիները՝ 11 ժամ տարբերությամբ:
Այս համատեքստում, ամուսինների միջև հարաբերությունները համեմատաբար առավել իրավահավասար են Դանիայում, Բելգիայում, Սլովենիայում, որտեղ կանայք շաբաթվա կտրվածքով կենցաղային գործերին տրամադրում են ընդամենը 3-6 ժամ ավել, քան տղամարդիկ:
Հ.Գ. Եթե Հայաստանը ևս ներգրավվեր այս հետազոտության մեջ, ապա անհերքելի է՝ հայ կանանց որևէ առաջատար հորիզոնական կվերապահվեր: