Պատգամավորները վիճեցին «Սերժիկ» և «Լյովիկ» անունների համար


15:01 , 8 նոյեմբեր, 2013

Պատգամավորները վիճեցին «Սերժիկ» և «Լյովիկ» անունների համարSlaq.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև:

Մասնավորապես` պատգամավոր Լևոն Զուրաբյանը` խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր»: «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ինչը դուր չեկավ Զուրաբյանին, ով խնդրեց, որ իրեն այդպես չդիմի: Ի վերջո խոսակցությանը խառնվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ»,- ասաց նա Հովհաննես Սահակյանին:

«Լյովիկն էլ փաղաքշական է…»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

«Ես անձնագրով Լևոն Զուրաբյան եմ, ուզում եմ դրա մասին վերջապես տեղեկանաք»,- ասաց Զուրաբյանը, իսկ Հովհաննես Սահակյանը նրան արձագանքեց.

«Վստահություն չեք ներշնչում, բերեք անձնագրի քսերոքսը՝ տեսնեմ»:

Ի վերջո, Լևոն Զուրաբյանն ասաց, որ կարող է ներկայացնել ի բոլոր փաստաթղթերը, որում իր անունը գրված է Լևոն, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում շատ ու շատ փաստաթղթեր է տեսել, որտեղ գրված է Սերժիկ Սարգսյան:

Դավիթ Հարությունյանը հերքեց` ասելով, որ նման բան չկա: